Կտրուկ ավելացել են տեխնիկայի վաճառքով զբաղվող որոշ ընկերությունների և բանկերի հարկային վճարները

2023 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով Հայաստանի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատն է։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը։

ԶՊՄԿ-ն այս տարվա 9 ամիսներին վճարել է մոտ 52,4 մլրդ դրամ։ Համեմատության համար պետք է նշել, որ անցած տարվա 9 ամիսներին ԶՊՄԿ-ն բյուջե էր վճարել ավելի քան 129 մլրդ դրամ։ Այդ գումարը գոյացել էր քրեական գործի շրջանակում բյուջե վերականգնած գումարի և միջազգային շուկայում պղնձի գնի աճի արդյունքում։

Այս տարվա 9 ամիսներով երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, ընկերությունը վճարել է 39,5 մլրդ դրամ, այնինչ անցած տարվա 9 ամիսներով «Գազպրոմ Արմենիա»-ն վճարել էր 41,8 մլրդ դրամ։ Երրորդ ամենամեծ հարկատուն ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ վճարած 31 մլրդ դրամի հարկերով։

Շեշտակիորեն հարկերի ավելացում է արձանագրել հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Նրա հարկերն ավելացել են շուրջ 3 անգամ՝ 7,4 միլիարդից հասնելով 30,1 միլիարդի։ Այս աճի շնորհիվ «Մոբայլ սենթր»-ը դարձել է Հայաստանի չորրորդ խոշոր հարկատուն։

1000 խոշոր հարկատուների ցանկի վերևի հորիզոնականներում հաջորդ խոշոր փոփոխությունը «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ի հարկերի խոշոր աճն է։ «Փրիթի ուեյ»-ը «Վեստա» կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի իրավաբանական անձն է։ Եթե անցած տարվա 9 ամիսներին «Փրիթի ուեյ»-ը վճարել էր մոտ 2 մլրդ դրամի հարկեր, այժմ վճարած հարկերի ծավալը գերազանցում է 23,3 միլիարդը՝ շուրջ 11 անգամ ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բյուջե վճարած հարկերի տպավորիչ աճ են ունեցել նաև «Ամերիաբանկ»-ն ու «Արդշինբանկ»-ը. առաջինը վճարել է 22,8 մլրդ դրամ (նախորդ տարվա 9 ամիսներին «Ամերիաբանկ»-ը վճարել էր 6,5 մլրդ դրամ): «Արդշինբանկ»-ը այս տարվա 9 ամիսներին վճարել է 21,3 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 միլիարդի փոխարեն։ Մեկ այլ բանկ՝ «Ակբա»-ն, 9 ամիսների արդյունքներով վճարել է մոտ 10,9 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկը գրեթե կրկնապատկել է հարկերը։

Այս 9 ամիսներին բյուջե վճարած հարկերն ավելացրել է նաև բենզինի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը։ Ընկերությունը վճարել է 16,5 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից մոտ 40 տոկոս ավելի։ Բենզինի շուկայի մեկ այլ խոշոր խաղացող՝ «Ֆլեշ»-ը ևս ավելացրել է հարկերը, ընկերությունը վճարել է 12,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1 միլիարդ դրամով ավելի։

Առաջին 9 ամիսների հարկատուների ցանկում թռիչքաձև աճ է արձանագրել ռուսական «Վայլդբերիզ» ընկերությունը։ «Վայլդբերիզ»-ը հայտնի ինտերնետային խանութ է, որ զբաղվում է առցանց առևտրով, ապրանքներ է մատակարարում ՀՀ։ Այս տարի ինտերնետ-հարթակը տևական ժամանակ հնարավորություն էր տալիս ապրանքների ձեռքբերումն ու տեղափոխումը ՀՀ կազմակերպել չափազանց ցածր գնով։ Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր ոլորտի առևտրականներ ցույցեր կազմակերպեցին՝ պահանջելով փակել «Վայլդբերիզ»-ի՝ ցածր գներով մատակարարումներ իրականացնելու հնարավորությունը, քանի որ տուժում են։ Արդյունքում նրանց պահանջը կատարվեց։ Այս տարվա 9 ամիսների արդյունքներով ընկերությունը վճարել է շուրջ 12,5 մլրդ դրամ, նախորդ տարվա 9 ամիսների՝ 366 միլիոն դրամի փոխարեն։

Մեկնաբանել