Արցախցիները կունենան երկու փաստաթուղթ՝ ՀՀ անձնագիր և փախստականի վկայական․ նախարարի խորհրդական 

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Այս թեմայով ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի հետ։

– Պարոն Սուջյան, ՀՀ քաղաքացի լինելու ու փախստականի կարգավիճակ ունենալու միջև հակասություն չկա՞։

– ՀՀ քաղաքացու կարգավիճակի և փախստականի կարգավիճակի միջև հակասություն կարող է լինել։ Բայց կոնկրետ այս դեպքում այս անձանց շրջանակի վրա տարածվում է փախստականի կարգավիճակը, նրանք քաղաքացու կարգավիճակ չունեն։

– Օրինակ, ես Արցախից եմ և ՀՀ քաղաքացու անձնագիր ունեմ՝ կապույտ։ Սա չի՞ նշանակում, որ ես ՀՀ քաղաքացի եմ։

– Անձնագիրը, որ այն ժամանակ տրվել է՝ 1999-ին, եթե չեմ սխալվում, այն ժամանակվա ներքին գործերի նախարարի ու Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարի միջև միջպետական, այսպես ասած, համաձայնագիր է եղել, որի հիման վրա նշվել է, որ այդ անձնագրերը ուղղակի տրվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես travel document [ճամփորդական փաստաթուղթ], այսինքն՝ որպես փաստաթուղթ, որով հնարավորություն կլինի դուրս գալ երկրից, ճամփորդել։

Կառավարությունը մի շարք դեպքերում իր դիրքորոշումը պնդել է, անգամ Եվրոպական դատարանում է այդ դիրքորոշումը ներկայացրել, որ փաստը, որ Լեռնաին Ղարաբաղի բնակչությունն ունի ՀՀ անձնագրեր, չի նշանակում, որ նրանք համարվում են ՀՀ քաղաքացի:

– Իսկ փախստականի կարգավիճակն ի՞նչ առավելություններ է տալիս անձին։

– Այս իրավիճակում առաջին հերթին պետք է հստակեցնել այդ անձանց կարգավիճակը։ Ի վերջո, այդ անձինք քաղաքացի՞ են, թե՞ փախստական։ Եվ եթե տեղահանվել են, ինչ կարգավիճակով են տեղահանվել։ Կառավարության դիրքորոշումը միշտ այն է եղել, որ այնտեղ բնակվող անձինք ՀՀ քաղաքացի չեն։ Հիմա, եթե քաղաքացի չեն, ուրեմն պիտի ինչ-որ կարգավիճակ ունենան։ Տվյալ դեպքում դա փախստականի կարգավիճակն է։ Փախստականի կարգավիճակը հնարավորություն է տալիս ներպետական օրենսդրությամբ նրանց իրավունքների և պարտականությունների շրջանակը հստակեցնել։ Կան սոցիալական օժանդակության մի շարք ծրագրեր, որոնցից, օրինակ, օգտվում են փախստականները։ Բացի դրանից, միջազգային կառույցների հետ շփումներում, նաև Եվրոպական դատարանում գործեր ներկայացնելիս փախստականի կարգավիճակը ենթադրում է որոշակի հիմքեր, որ այս անձանց ապօրինի, բռնի տեղահանել են իրենց մշտական բնակության երկրից։ Քաղաքացիություն ունենալու պարագայում մի տեսակ այլ կոնտեքստ է ստանում, որովհետև ստացվում է, որ քաղաքացիները եկել են իրենց հետ առաջնային կապ ունեցող երկիր, իրենց երկիր են եկել։ Այսինքն՝ միջազգային իրավական տեսանկյունից փախստականի կարգավիճակը առավել ընկալելի ու ճիշտ կարգավիճակ է։

Էկրանակադրում՝ Արտյոմ Սուջյանը

– Փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում որևէ այլ երկրի քաղաքացիություն ստանալը հեշտանո՞ւմ է։

– Որևէ այլ երկրի դեպքում կոնկրետ այդ երկիրը պիտի որոշի։ Օրինակ, կարող եմ նշել, որ փախստականին չարտաքսելու ավելի ծանրակշիռ ու ցցուն երաշխիքներ կան, քան՝ նույն քաղաքացիների պարագայում, որովհետև Կոնվենցիայում հստակ ամրագրված պարտավորություններ կան, որ չեն կարող փախստականներին արտաքսել այն երկիր, որտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Փախստականի կարգավիճակ չունեցող անձանց համար այդ կարգավորումը այդքան հստակ չէ։ Իսկ փախստականի կարգավիճակը առավելություն է, թե ոչ, կոնկրետ երկրի ներքին օրենսդրության հարց է։ Մեր պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մեծամասնությունը հայ է, նրանց համար Քաղաքացիության մասին ՀՀ օրենքը հեշտացված կարգ է նախատեսում։ Այսինքն՝ ի տարբերություն այլ անձանց, օրինակ, չի գործում երեք տարվա մշտական բնակության ցենզը, հայերենին տիրապետելու կամ Սահմանադրությանը ծանոթ լինելու հանգամանքը։ Կարող են բռնի տեղահանված բնակիչները դիմել և քաղաքացիություն ստանալ։

– Բացատրեք, խնդրեմ, փախստականի կարգավիճակ ստանալու ընթացակարգը։ Ես ի՞նչ պիտի անեմ փախստականի կարգավիճակ ստանալու համար։

– Դուք և բռնի տեղահանված բոլոր անձինք արդենք փախստականի կարգավիճակ ունեք, քանի որ հաշվառում եք ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Համարվում եք ժամանակավոր պաշտպանության վերցված անձինք։ Անձը պետք է ստանա այդ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ․ կարող է դիմել Միգրացիայի ծառայություն, ու համապատասխան ժամկետներում նրան կտրամադրեն այդ փաստաթուղթը։ Պարզապես նշեմ, որ այս պահին այդ կարգավորումներն այնպես են սահմանվել, որ երկու փաստաթուղթ է լինելու․ մեկը անձնագիրն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն, դա նույնականացվում է «070» կոդով։ Մյուս փաստաթուղթն էլ լինելու է վկայականը։ Դրանցից յուրաքանչյուրը քաղաքացին առանձին-առանձին կարող է օգտագործել երկրի ներսում՝ գործարքներ կատարելու, իրավահարաբերությունների մեջ մտնելու համար։ Միայն սահմանվել է, որ երեք ամսից երկրից դուրս գալուց հետո կամ ՀՀ վերադառնալու դեպքում արդեն պետք է ներկայացվեն այդ երկու փաստաթղթերը միասին։

– Փախստականի կարգավիճակ ստանալու համար միջազգային ատյաններից կարգարդություն ստանալը պարտադի՞ր է։

– Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիան, որին միացել է նաև Հայաստանը, հենց այդ տրամաբանության շուրջ է կառուցված։ Եթե պետությունը անձին ճանաչում է փախստական, ուրեմն ցանկացած երկրում նա համարվում է փախստական։ Այլ խնդիր է, թե արդյոք այնտեղ մշտական բնակության հիմքեր կան, թե չէ, կամ արդյոք այդ պետությունը թույլ կտա՝ տվյալ անձը մշտական բնակություն հաստատի իր տարածքում։

– Իսկ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բռնի տեղահանված անձինք, օրինակ՝ հադրութցիները, ի՞նչ կարգավիճակ են ունենալու։ 2020-ից նրանք բողոքում են փախստականի կարգավիճակ չունենալու համար։

– Հենց այդ տրամաբանությամբ է կառուցվել կառավարության որոշումը, որ նաև ներառվեն 2020-ի պատերազմից հետո բռնի տեղահանված անձինք։ Քանի որ նրանք պահպանել են հաշվառումը Լեռնային Ղարաբաղում, այս պահից համարվում են փախստական։ Հետագայում կարող են դիմել Միգրացիայի ծառայություն ու իրենց վկայականները ստանալ։

– Պարզ լեզվով՝ ի՞նչ է նշանակում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

– Պարզ լեզվով՝ կոնկրետ փախստականի կարգավիճակ ստանալու համար ենթադրվում է, որ անձը պետք է անհատապես դիմի պետության իրավասու մարմիններին, այդ ընթացակարգերով համապատասխան ուսումնասիրեն նրա գործը, տեսնեն՝ արդյոք հիմքերը կան՝ ինքը փախե՞լ է այդ երկրից, թե՞ իր կամքով է գնացել։ Այդ ընթացակարգերը պետք է ուսումնասիրվեն, հետո անհատապես յուրաքանչյուր մարդու փախստական ճանաչելու որոշում կայացվի։ Իսկ այս դեպքում ակնհայտ է, որ 100 000 մարդ բռնի տեղահանվել է, ու նրանցից ոչ ոք իր կամքով չի գնացել։ Ընհանուր տարբերությունն այն է, որ անհատապես դիմելու կարիք չկա, քանի որ խմբային բոլորին տրվում է փախստականի կարգավիճակ։

Զրույցը՝ Հայկ Ղազարյանի

Մեկնաբանել