Կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը․ Միրզոյան

Փոխվստահության մթնոլորտի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին։

«Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ տարածաշրջանում հարատև խաղաղության համար անրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները գործուն քայլեր ձեռնարկեն և հրաժարվեն առավելապաշտական նկրտումներից:

«Դա հնարավոր է անել, հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ, որ այս ուղենիշներն իրենց արտացոլումն են գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, որին մենք ակնկալում ենք նաև մյուս միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել