Ի՞նչ էր կանգնած Հյուսիսային Կովկասի հակասեմական պոռթկման հետևում

Ցուցարարները՝ Մախաչկալայի օդանավակայանի մոտ։ Լուսանկարը՝ Ռամազան Ռաշիդովի/ՏԱՍՍ

Թաթա Շոշիաշվիլի, Լուիզա Մչեդիշվիլի OC Media

Իսրայել-Համաս պատերազմին զուգահեռ Հյուսիսային Կովկասն ականատես է լինում հակասեմական միջադեպերի շարքի: Ու թեև Ռուսաստանը պնդում է, թե իրադարձությունների հետևում Արևմուտքն ու Ուկրաինան են, մյուսները ենթադրում են, որ անկարգություններն իշխանությունների նկատմամբ կուտակված հիասթափությունների արտահայտությունն են, երբ մարդկանց թույլ չեն տալիս դրանց մասին արտահայտվել:

Հոկտեմբերի 29-ին ավելի քան հազար մարդ ներխուժեց Մախաչկալայի օդանավակայան՝ Թել Ավիվից Դաղստանի մայրաքաղաք սպասվող չվերթի ժամանումից առաջ:

Դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես է զայրացած ամբոխը ներխուժում օդանավակայանի շենք, հակասեմական կարգախոսներ վանկարկում և բղավում օդանավակայանի աշխատակիցների վրա: Ոմանք ներխուժել էին օդանավակայանի թռիչքուղիներ և բարձրացել օդանավասանդուղքով՝ ժամերով թույլ չտալով, որ ուղևորներն իջնեն, իսկ օդանավակայանի մոտ ցուցարարները ստուգում էին, թե արդյոք մեկնող մեքենաներում հրեաներ կային:

Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ առնվազն քսան մարդ է տուժել, այդ թվում՝ ինը ոստիկան։ Տասը մարդ ստացել է լուրջ վնասվածքներ, որոնցից երկուսը «ծայրահեղ ծանր վիճակում» է։

Օդանավի ժամանումից առաջ դաղստանյան տելեգրամյան հանրահայտ ալիքներում հրապարակումներ էին հայտնվել, որոնք կոչ էին անում հավաքվել օդանավակայանում՝ «դիմավորելու անցանկալի հյուրերին, սպասելու նրանց օդանավակայանից դուրս և բռնելու նրանց այնտեղ»։

Մեկ օր առաջ էլ հաղորդվել էր, որ մի քանի հարյուր ցուցարար հավաքվել է Դաղստանի Խասավյուրտ քաղաքի հյուրանոցի մոտ՝ Մախաչկալայից 70 կմ հյուսիս-արևմուտք: Ցուցարարները փնտրում էին հրեաների այն բանից հետո, երբ Տելեգրամում լուրեր էին տարածվել, որ հյուրանոցն իսրայելցի փախստականների է տեղավորելու:

Մախաչկալայի օդանավակայանի գրոհի նույն օրը Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հարձակում տեղի ունեցավ հրեական մշակութային կենտրոնի վրա։ Դեռևս անհայտ անձինք մեքենաների անվադողեր էին այրում և ուղղում դեպի հյուրանոցի շենքը։ Նրանք այրեցին շենքը և պատին «Մահ հրեաներին» կոչով գրաֆիտիներ արեցին:

Մշակութային կենտրոնի կառուցման դեմ ավելի վաղ 20 000-ից ավելի ստորագրություն էր հավաքվել՝ հոկտեմբերի 27-ին մեկնարկած ստորագրահավաքից ի վեր, որն ի վերջո կանգնեցվեց «ռասիզմի» համար։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ստորագրահավաքի հեղինակները պնդում էին, թե կենտրոնը Կաբարդինո-Բալկարիայի հրեական սփյուռքին «անվիճելի առավելություններ» կտա կրոնական և մշակութային այլ խմբերի նկատմամբ՝ հանրապետությունում «իրենց գաղափարախոսությունը» առաջ մղելու հարցում և «կարող է ապակայունացնել կյանքը տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։

Կարաչաևո-Չերքեզիայի Չերքեսկ քաղաքում ևս հոկտեմբերի 28-ին 500 մարդ հավաքվել էր կառավարության շենքի մոտ՝ իշխանություններից պահանջելու օգնություն տրամադրել Պաղեստինին և կանխել «իսրայելցի փախստականների» մուտքը հանրապետություն:

«Կարո՞ղ եք օգնել մեզ։ Կարո՞ղ եք վտարել նրանց: Թույլ մի՛ տվեք նրանց գալ այստեղ»,- մի կին ասում էր ցուցարարների հետ խոսելու դուրս եկած իշխանությունների ներկայացուցչին:

Սակայն հակասեմական միջադեպերի այս շարքը, չնայած լրատվական վերնագրերին, պաշտոնական և տիրապետող մոտեցումների շատ ավելի բարդ խճապատկերի մի մասն է ընդամենը, և ենթադրել է տալիս դրանց հիմքում ընկած պատճառների մասին:

Ոմանք պնդում են, որ զայրույթի պոռթկումն այդքան էլ չի բխում արմատավորված հակասեմականությունից, այլ ընդամենը միջոց է խստորեն վերահսկվող հանրապետություններում երկար ժամանակ եռացող հիասթափություններն արտահայտելու համար:

Թե՛ Մոսկվայի, թե՛ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների պաշտոնական պատասխանները հակասում էին Պաղեստինին աջակցություն հայտնելու նրանց ոչ դյուրին գծին, երբ այնուամենայնիվ նրանք պնդում էին, թե բողոքի ցույցերի հետևում Ուկրաինան կամ Արևմուտքն են:

«Կրակեք ցուցարարների ճակատին»

Հյուսիսային Կովկասում հանրային բողոքն արժանանում է իշխանությունների վստահ ու ագրեսիվ հակազդեցությանը՝ արցունքաբեր գազ, ցուցարարների ծեծ, պատերազմի դեմ բողոքող կանանց որդիներին զինվորական ծանուցագրեր ու ձերբակալում:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հատկապես դաժան զգուշացում է արել իր հանրապետությունում բողոքի հնարավոր ցույցերի մասին։

Ամսվա սկզբին նա հայտարարեց, թե պատրաստ է չեչեն «խաղաղապահներ» ուղարկել Պաղեստին, իսկ ավելի ուշ՝ մի շարք դպրոցներում ի պաշտպանություն Պաղեստինի աղոթքների կազմակերպումից հետո, երբ հարևան հանրապետությունում անկարգություններ բռնկվեցին, Կադիրովի վերաբերմունքն արագ փոխվեց:

«Եթե լինի թեկուզ մեկ մարդ, որը գնում է չարտոնված անկարգությունների, նրան կալանավորեք և բանտարկեք,- ասաց Կադիրովը՝ ելույթ ունենալով մի հանդիպման ժամանակ։- Կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդում, իսկ դրանից հետո, եթե մարդը չի ենթարկվում օրենքին, չորրորդ կրակոցն արձակեք նրա ճակատին»։

«Նրանք այլևս դուրս չեն գա։ Սա իմ հրամանն է»,- ասում էր Կադիրովը տելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութում։

Մյուս պաշտոնյաները, խուսափելով նման ծայրահեղ սպառնալիքներից, այնուամենայնիվ շտապեցին վարկաբեկել ցուցարարներին:

Թե՛ Մոսկվան, թե՛ Հյուսիսային Կովկասի մուսուլմանական հանրապետությունները պաշտոնապես աջակցում են Պաղեստինին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին հայտարարեց, որ Ռուսաստանն աջակցում է Պաղեստինի պետության ստեղծմանը, իսկ Հյուսիսային Կովկասի պաշտոնյաներն ու Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնն աջակցություն հայտնեցին Պաղեստինին։

Այնուամենայնիվ, հակազդելով հանրային ընդվզման հեռանկարին՝ Պուտինը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, թե արտաքին ուժերն են պատասխանատու Մախաչկալայի օդանավակայանի գրոհի համար:

«Անցած գիշեր Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները ոգեշնչվել են, նաև՝ սոցիալական ցանցերի միջոցով, հատկապես Ուկրաինայի տարածքից, արևմտյան հետախուզական ծառայությունների գործակալների ձեռքով»,- ասում էր ՌԴ նախագահը՝ ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրների մեղադրելով Մերձավոր Արևելքում հակամարտություն հրահրելու մեջ։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը կրկնեց պնդումները՝ լրագրողներին ասելով, թե Մախաչկալայի օդանավակայանում հակասեմական անկարգությունները «վերահսկվել են արտասահմանից՝ ուկրաինամետ տելեգրամյան ալիքների կողմից»։

Մելիքովը նաև ասաց, որ «Առավոտյան Դաղստան» տելեգրամյան ալիքը, որը հաճախ է հանդես է գալիս Ռուսաստանի կողմից տարածաշրջանի վերահսկողությանը, գործում է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Պետական այլ պաշտոնյաներ տելեգրամյան ալիքը բացահայտորեն կապեցին 2016-ին Ուկրաինա գնացած ռուս նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարևի հետ: Ալիքն ավելի ուշ հրապարակում արեց, որ կապ չունի Պոնոմարևի կամ Ուկրաինայի հետ։ Իսկ Ուկրաինայի և ԱՄՆ պաշտոնյաները հերքեցին հակասեմական վերջին իրադարձություններին իրենց երկրների ներգրավվածության մասին Ռուսաստանի մեղադրանքները։

Տարաձայնություններ եղել են նույնիսկ Հյուսիսային Կովկասի իշխանությունների հետ ասոցացվող մարդկանց միջև։

Նոյեմբերի 1-ին Մելիքովը հայտարարեց, որ Մախաչկալայից 60 կմ հարավ գտնվող Իզբերբաշ քաղաքի արխիվի բաժնի ղեկավար Մարատ Բատիրխանովը հեռացվել է աշխատանքից՝ օդանավակայանի անկարգություններին մասնակցելու համար,և «այլևս երբեք չի հայտնվի կառավարությունում»:

Baza տելեգրամյան ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, որում Բատիրխանովը մեքենայով Մախաչկալայի օդանավակայան էր գնում և ասում, որ գնում է՝ «նրանց հետ ուղարկելու Իսրայել»։

Պաշտոնական դիրքորոշումներից շեղվելու համար պատժի ենթարկվեցին նաև կրոնական ղեկավարներ։ Դաղստանի կրոնական երկու հայտնի առաջնորդ՝ Մուհամմադ-Ռասուլ Սաադուևը և Զայնուլլա Աթաևը, պաշտոնանկ արվեցին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած իրադարձություններից առաջ․ երկուսն էլ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները «ջիհադ» էին որակել։

«Մուֆթիության բոլոր աշխատակիցները տեղեկացված են եղել մուֆթիի հրահանգների մասին՝ չանելու չարտոնված և աղաղակող հայտարարություններ, որոնք խռովություն կմտցնեն դաղստանցիների մեջ՝ հաշվի առնելով դաղստանյան մտածելակերպը։ Չնայած դրան, Սաադուևն ուրբաթ հայտարարել է, որ «իսլամական ամբողջ աշխարհը Պաղեստինում տեղի ունեցողը ջիհադ է համարում»,- ասվում էր Դաղստանի մուֆթիության տարածած հաղորդագրությունում:

Նալչիկից անկախ հետազոտող և Ored Recordings-ի հիմնադիր Բուլատ Խալիլովը կարծում է, որ իշխանությունները կարող են պոգրոմներն ու «հակասեմական դրսևորումներն» օգտագործել իրենց օգտին:

Նա նշում է, որ նման իրադարձությունները իշխանություններին հնարավորություն են տալիս արագ կազմալուծելու մի շարք շարժումներ, քանի որ այդկերպ նրանք ճզմում են ակտիվիզմի ցանկացած ձև՝ քաղաքացիական ակտիվիստներին էլ ավելի մեծ ճնշման տակ դնելով, քան կար մինչ այդ։ Նրանք ընկճում են Հյուսիսային Կովկասում գաղութատիրության մասին վնասակար պատմույթների դեմ պայքարողներին և վարկաբեկում Պաղեստինին աջակցողներին։

Խալիլովը հավելում է, որ Հյուսիսային Կովկասը «վաղուց արդեն դիվահարված է»։

«Հյուսիսային Կովկասը տասնամյակներ շարունակ ծառայել է ուշադրությունը շեղելուն և ռուսական հասարակությանը համախմբելուն ընդդեմ «հարավի վայրենիների և բարբարոսների,- ասում է Խալիլովը։- Նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց «հրեաներ փնտրելու» և հրկիզել անավարտ մշակութային կենտրոնը, միայն խթանեցին այս քարոզչությունը»:

«Բողոքի ինքնաբուխ ցույցեր»

Մի շարք մեկնաբաններ ասում են, որ հակասեմականության ի հայտ գալը, անկախ Պաղեստինի հետ համերաշխությունից, համեմատաբար նոր երևույթ է:

Հյուսիսային Կովկասում ի աջակցության Պաղեստինի առաջին գործողությունները խաղաղ էին և, թերևս, հակասեմականություն տարրեր չէին պարունակում։ Ցուցարարները, ըստ տեղեկությունների, ռազմական կոչեր են հնչեցրել հոկտեմբերի 17-ին Մախաչկալայում բողոքի փոքր ցույցի ժամանակ, իսկ Խասավյուրտում դրանից ընդամենը մեկ շաբաթ անց ավելի մեծ բողոքի ցույցը ցրվել է առանց ձերբակալությունների:

Իրադարձությունների տեսանյութերն ու հաղորդումները հակահրեական բացահայտ տրամադրությունների ապացույցներ չեն պարունակում․ ցուցարարները կրում էին պաղեստինյան դրոշներ և քննադատում «մեր մահմեդական եղբայրների» սպանությունը:

Թբիլիսիում Վրաց-ամերիկյան համալսարանի Հրեական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Յուլիա Օրեշինան OC Media-ին ասում է, որ հակասեմականությւոնը «բավական հազվադեպ երևույթ է Հյուսիսային Կովկասում և առհասարակ լայնատարած խնդիր չէ»:

Նա նշում է, որ Հյուսիսային Կովկասի հրեական բնակչությունը աշխարհի հնագույն հրեական համայնքներից է։

«Իհարկե, մի շարք դեպքեր եղել են, այդ թվում՝ 1920-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Դաղստանում տեղի մուսուլմանների կողմից հրեաների պոգրոմները: Բայց մենք նաև գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, Հյուսիսային Կովկասի նացիստական օկուպացիայի ժամանակ տեղի ոչ հրեա բնակչությունը հրեաներին օգնել է՝ նրանց թաքցնելով իրենց տներում կամ օգնելով փախչել»,- ասում է Օրեշինան։

Խալիլովը նույնպես նշում է, որ այլատյաց և հակասեմական բողոքի ցույցերը թերևս «բավական ինքնաբուխ» են եղել:

«Հանրային տարբեր էջեր և բլոգերներ բացահայտ կեղծիքներ հրապարակեցին հազարավոր սիոնիստների մասին, որոնք իբր մեկնում են Կովկաս։- ասում է Խալիլովը։- Նրանք մարդկանց բերեցին այն մտքին, թե այստեղից սկսվելու է երկրորդ Պաղեստինը. սիոնիստները կխլեն մեր տներն ու հողերը, ուստի մենք պետք է գործը վերցնենք մեր ձեռքը»:

Նա, սակայն, ասում է, որ բողոքի ցույցերի «համակարգողներ» կամ կենտրոններ թերևս չեն եղել։

Հյուսիսային Կովկասի քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան Հարոլդ Չեմբերսը OC Media-ին ասաց, որ թեև գործի անցնելու կոչերը համեմատաբար տարածված են Դաղստանի տելեգրամյան ալիքներում, «դրանք միշտ չէ, որ ուժեղ արձագանք են առաջացնում»:

Իսկ թե ինչու մարդիկ այս անգամ բուռն արձագանքեցին, Չամբերսն իր ենթադրություններն ունի։

«Նախ՝ Իսրայելի օդային հարվածներից հետո համացանցում տարածվող՝ երեխաների սարսափելի լուսանկարների առատությունը։ Նրանք համերաշխության զգացում ունեն պաղեստինցիների հետ և կարծում են, որ բավարար չի արվում նրանց պաշտպանելու համար: Երկրորդ, իշխանությունները փակել են քաղաքական արտահայտության անգամ չափավոր ալիքները, ինչը ձեռնտու է ծայրահեղ դերակատարներին»,- ասում է Չեմբերսը։

Նա հավելում է, որ ռուսական պետությունը թույլատրում է բռնությունը նրանց նկատմամբ, ովքեր համարվում են «ուրիշ»:

Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն նույնպես ասել է, որ «հրեաներին սպանելու սպառնալիքները ռուսական պետական քարոզչության աշխատանքի հետևանքն են, որը տասնամյակներ շարունակ ռուսների մեջ ատելության զգացում է սերմանել այլ ժողովուրդների նկատմամբ»։

Բուլատ Խալիլովը, սակայն, նշում է, որ և՛ Մոսկվայի, և՛ Հյուսիսային Կովկասի իշխանությունները շարունակ սահմանափակել են երկխոսության հասանելի տարածքը՝ մարդկանց դրդելով մտածելու, որ «իրենց ձայնն անհաղորդ է»։

«Նման իրավիճակում հեշտ է ճնշել հույզերը, իսկ […] մարդիկ փնտրում են հեշտ պատասխան և հստակ նպատակ»,- ասում է Խալիլովը՝ նշելով, որ տարածաշրջանում «պետական ինստիտուտների ճգնաժամ է»։

«Տարածաշրջանի մարդիկ գիտեն, որ իրենց ոչ ոք չի լսի, և պետությունը չի օգնի։ Սա լավ հիմք է բոլոր տեսակի դավադրության տեսությունների համար»:

Մեկնաբանել