Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանին այսօր՝ նոյեմբերի 7-ին, դատապարտեց 15 տարվա ազատազրկման, հաղորդում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։

Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին:

Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Ադրբեջանական գերության մեջ է գտնվում ընդհանուր 38 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ է 80-ից ավելի անձ։

Ադրբեջանն առևանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

Մեկնաբանել