«Ֆիզգորոդոկ»-ում կառուցապատվող հողամասի հետ կապված շրջադարձի հայց է ներկայացվել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Երևանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում կառուցապատում իրականացնելու համար նախատեսված հողամասի հետ կապված վճռի կատարման շրջադարձի հայց է ներկայացրել դատարան։ Այդ մասին «Սիվիլնեթ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։

«Ռատկո» ընկերությունն այս տարածքում իրականացնում է կառուցապատում ու ունի շինարարական թույլտվություն։ Ըստ տարածքի բնակիչների՝ այս կառուցապատումը կխաթարի «Ֆիզգորոդոկ»-ի կենսամիջավայրը։

Նախարարության կողմից վճռի կատարման շրջադարձի հայցն ըստ էության նշանակում է, որ նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել հողամասի նկատմամբ նախկինում գրանցված իրավունքը։ Դրանից բխելու է հողատարածքի նկատմամբ ՀՀ սեփականության վերականգնումը։

Ըստ Երևանի դատախազ Ծովակ Մնացականյանի՝ «Ֆիզգորոդոկ»-ի տարածքում եղել է ինքնակամ կիսակառույց նկուղ՝ 51 քառակուսի մետր մակերեսով և դրան սպասարկող 2 000 քմ տարածքով հողամաս։ 2000-ականների սկզբին նկուղն ինքնակամ կառուցող քաղաքացին՝ Տիգրան Աղաջանյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, որ տարածքը չափագրվի, նկուղի ու հողամասի նկատմամբ էլ գրանցվեն իր իրավունքները։ Նախկին օրենսդրական կարգավորումներով եթե քաղաքացու դիմումին 30 օրվա ընթացքում պատասխան չի ստացվում, դիմումը բավարարվում է։ Դիմումի բավարարումից հետո Աղաջանյանը դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով Կադաստրի կոմիտեին պարտավորեցնել գրանցել իր սեփականության իրավունքը կիսակառույց նկուղի նկատմամբ, իսկ 2 000 քմ հողամասի նկատմամբ գրացվել է քաղաքացու վարձակալության իրավունքը։

Ծովակ Մնացականյանի խոսքով՝ հետագայում վարձակակած 2 000 քմ հողամասը կադաստրային արժեքի վճարումից հետո սեփականաշնորհվել է։ Այս ամենին զուգահեռ Կադաստրի կոմիտեն դատարանում վիճարկել է կիսակառույց նկուղն ու դրան կից հողամասը քաղաքացու սեփականությունը համարելու դատարանի որոշումն ու ի վերջո հասել հաջողության։ Վերաքննիչ դատարանը բավարարում է Կադաստրի կոմիտեի բողոքն ու առաջին ատյանի ակտը բեկանվում է։ Սա ըստ էության նշանակում է, որ «Ֆիզգորոդոկ»-ի՝ կառուցապատվող հողամասի գրանցման հիմքը դատարանը անվավեր է ճանաչում։

Այժմ, ըստ դատախազության, «կա իրավիճակ, երբ առկա է քաղաքացու իրավունքի գրանցում և դատական ակտ, որով բեկանվում է գրանցման հիմքը» ու վճռի շրջադարձային հայցը նշանակում է այդ վճռից բխող գործողություն. «Պետք է սեփականության իրավունքի դադարեցում տեղի ունենա, ուստի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայց է ներկայացրել դատարան։ Այլ կերպ ասած՝ գրանցման հիմքն արդեն անվավեր է ճանաչված, այժմ դրան հաջորդող գործողություններ են»,- ասաց Ծովակ Մարտիրոսյանը։

«Ֆիզգորոդոկ»-ի այս հողատարածքի հետ կապված նաև քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Դատախազությունցից հայտնել են, որ Տիգրան Աղաջանյանի ու կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

«Ֆիզգորոդոկ»-ում կառուցապատումն իրականացնում է «Ռատկո» ընկերությունը։ Նախատեսվում է, որ համալիրը կհանձնվի գնորդներին եկող տարի։ Չնայած այս զարգացումներին՝ համալիրի մոտ 12 հարկերն արդեն պատրաստ են։

Մեկնաբանել