Վրաստանը բարդացրել է հղիության ընդհատման կարգը․ իրավապաշտպանները մտահոգված են

Ցուցարարները 2023-ի ապրիլի 2-ին Թբիլիսիում մասնակցում են կանանց համերաշխության երթին: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի առողջապահության նախարարությունը բարդացրել է հղիության արհեստական ընդհատման գործընթացը և ներդրել նոր ընթացակարգ, ըստ որի՝ հղիության ընդհատումից առաջ քաղաքացին պետք է հոգեբանի և սոցիալական աշխատողի կողմից պարտադիր խորհրդատվություն ստանա։ Կանանց իրավունքների պաշտպանների կարծիքով՝ այս քայլը կարող է նպատակ ունենալ խոչընդոտ ստեղծել հղիության արհեստական ընդհատման ծառայությանը հասանելիություն ունենալու համար։

Փոփոխությունների մասին հրամանագիրը հրապարակվել է Վրաստանի արդարադատության նախարարությանը կից գործող Georgian Legislative Herald պաշտոնական տեղեկագրի կայքում հոկտեմբերի 27-ին, սակայն վրացական լրատվամիջոցները դրա մասին տեղեկացել են նոյեմբերի 7-ին։

Ըստ նոր ընթացակարգի՝ 2024-ի հունվարի 1-ից յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ընդհատել հղիությունը, պետք է խորհրդակցի մանկաբարձ-գինեկոլոգի, հոգեբանի և սոցիալական աշխատողի հետ «գաղտնի պայմաններում, հատուկ այդ նպատակով առանձնացված բժշկի խորհրդակցական սենյակում»։

Նոր ընթացակարգն ավելանում է հղիության արհեստական ընդհատումից առաջ հնգօրյա «մտածելու շրջան»-ը պահպանելու վերաբերյալ ավելի վաղ գոյություն ունեցող պահանջին։ Նոր օրենսդրությամբ սահմանվում է, որ բուֆերային այս ժամանակահատվածի պահանջը խախտելու դեպքում բժիշկը կարող է զրկվել մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունները հայտարարել են, որ փոփոխությունները մտցնելուց առաջ առողջապահության նախարարությունը չի խորհրդակցել իրենց հետ։

Վրաստանի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Sapari կազմակերպության ղեկավար Բայա Պատարայան OC Media-ին ասել է, որ «ոչ ոքի հետ չեն խորհրդակցել» և հավելել, որ պարզ չէ, թե ինչու են կատարվել այս փոփոխությունները։

Նա նաև նշել է, որ անհասկանալի է, թե ինչպես են ֆինանսավորվելու նոր ընթացակարգերի հետ կապված լրացուցիչ ծախսերը։

Ներկայումս հղիության արհեստական ընդհատումները պետք է մասնավոր միջոցներով ֆինանսավորվեն, քանի որ այս ծառայությունը պետական առողջապահության շրջանակում չի մատուցվում։ Պատարայան հայտարարել է, որ շատ վրացիների համար հղիության ընդհատումն արդեն անհասանելի է, ինչը մարդկանց դրդում է հղիությունը ընդհատելու ապօրինի ուղիներ փնտրել, ինչը «վտանգավոր» է առողջության համար։

«Եթե այն թանկանա, ավելի անմատչելի կդառնա, հղիության ընդհատումները կարվեն ապօրինի»,- ասել է նա՝ հավելելով, որ սոցիալական աշխատողի և հոգեբանի հետ խորհրդակցությունը չպետք է դառնա պարտադիր։

Պատարայան առաջարկել է փոխարենը միջոցներ ձեռնարկել՝ կանխելու անցանկալի հղիությունը և դրանով իսկ կանխելու հղիությունն արհեստականորեն ընդհատելու անհրաժեշտությունը:

«Եթե պետությունը ցանկանում է նվազեցնել հղիության արհեստական ընդհատումները, ապա պետք է մեծացնի հակաբեղմնավորիչների և տեղեկատվության հասանելիությունը,- ասել է Պատարայան,- Կրթական համակարգում ոչինչ չեն սովորեցնում վերարտադրողական առողջության և հակաբեղմնավորման մասին, ինչն ամենամեծ խնդիրն է։ Իսկ հակաբեղմնավորիչները չափազանց թանկ են՝ ոչ ոք ոչինչ չի ֆինանսավորում, դրա համար էլ հղիության արհեստական ընդհատումների թիվը մեծ է»։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022-ին երկրում 16,600 կին արհեստական կերպով ընդհատել է հղիությունը։

Վրաստանում գենդերային հավասարության վերաբերյալ ՄԱԿ-Կանայք 2021-ի զեկույցում ասվում է, որ Վրաստանում «ժամանակակից հակաբեղմնավորիչների» օգտագործման մակարդակը ցածր է, ընդորում՝ ընտանիքի պլանավորման մեթոդների կարիք կա, որը մեծապես բավարարված չէ: Զեկույցը հավելում է, որ հղիության անվտանգ ընդհատմանը հասանելիություն ունենալու առումով կանայք դեռ շարք խոչընդոտների են բախվում։

Վրաստանի առողջապահության նախարարությունը չի պատասխանել մեկնաբանություն տալու OC Media-ի խնդրանքին:

«Լրացուցիչ խոչընդոտ»

Նախկին օրենսդրության համաձայն՝ ոչ բժշկական պատճառներով հղիությունը կարող է ընդհատվել նախքան կլրանա հղիության 12 շաբաթը։

Տասներկու շաբաթից հետո այն կարող է ընդհատվել միայն հրամանագրում նշված բժշկական պատճառներով: Եթե հղիությունը շարունակելը սպառնում է կնոջ կյանքին այնպիսի պատճառով, որը նշված չէ հրամանագրում, ապա գործը քննում է հանձնաժողովը։

Օրենսդրությունը չի հստակեցնում, թե ինչ պարտավորություններ կունենան հղիությունն արհեստական ընդհատել ցանկացող մարդկանց հետ հանդիպող սոցիալական աշխատողներն ու հոգեբանները, ինչը ոմանց մոտ հարցեր է առաջացնում, թե որն է լինելու այդ մասնագետների նպատակը կամ դիրքորոշումը:

Պատարայան ասել է, որ դրական սցենարի դեպքում սոցիալական աշխատողի գործառույթը կարող է լինել աջակցելը կանանց այն դեպքերում, երբ հղիության ընդհատումը նրանց լավագույն տարբերակը չէ, ինչպես հղիության հարկադիր ընդհատման դեպքում։

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ սոցիալական աշխատողների համար արդեն իսկ բարդ է գտնել և աջակցել ճնշման կամ գենդերով պայմանավորված բռնության ենթարկված կանանց, քանի որ Վրաստանում սոցիալական աշխատողների «մեծ պակաս» կա։

«[Փոփոխությունները] չեն լուծի խնդիրը, և պարզ չէ, թե ինչու են դրանք ներդրվել,- ասել է Պատարայան,- Հետևաբար, հիմքեր կան կասկածելու, որ սա լրացուցիչ խոչընդոտ է, որպեսզի կանայք չստանան այս ծառայությունը»:

OC Media-ի հարցումներին ի պատասխան՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Վրաստանի գրասենյակը հայտարարել է, որ իրենք ներգրավված չեն եղել գործընթացում:

Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի, երբ համապատասխան փորձագիտական խմբերն ու կազմակերպությունները, որոնց ուղարկել են նորացված օրենսդրությունը, գնահատեն փոփոխությունները։

Թեև Վրաստանում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ հանրային վերաբերմունքի մասին սակավ տվյալներ կան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի 2017-ի հարցմանը մասնակցածների 67%-ը նշել է, որ այն երբեք չի կարող արդարացված լինել:

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ 2019-ին կատարված ուսումնասիրությունը հավելյալ պարզել է, որ շատ բժիշկներ և կլինիկաներ հրաժարվել են հղիության արհեստական ընդհատման ծառայությունից իրենց անձնակազմի կրոնական համոզմունքների պատճառով:

Մեկնաբանել