«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում հայտնաբերվել են շուրջ 10,7 մլրդ դրամի, 10,6 մլն եվրոյի խախտումներ

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքում արձանագրվել են ընդհանուր շուրջ 10,7 մլրդ դրամի, 2,6 մլն դոլարի և 10,6 մլն եվրոյի առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, ինչպես նաև ծրագրի չիրականացման և երկարաձգման արդյունքում ծրագրի թանկացման դեպք՝ շուրջ 146 մլն եվրոյի չափով:

ՊՎԾ կողմից առաջարկություն է ներկայացվել ընկերության հետ իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ նշված խախտումների վերացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ:

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով, որի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: Արդյունքում, ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության մասով տրամադրված նյութերի հիման վրա՝ սույն թվականի նոյեմբերի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հատկանիշներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել