Իրանը Ղարաբաղի բնակիչների լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն է․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է ոտնահարվեն Արցախի ժողովրդի իրավունքները։

«Ղարաբաղի մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը նախապես հայտարարվել է՝ մենք միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան ճանաչում ենք և Հայաստանի, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց սա չի նշանակում, որ պիտի խախտվեն այն մարդկանց իրավունքները, որոնք այնտեղ են: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն։ Նրանք պետք է իրենց իրավունքներն իրացնելու հնարավորություն ունենան: Սա իրականություն է, որը ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը չի կարող անտեսել»,- ասել է նա։

Դեսպանը հայտարարել է, որ Իրանը «Ղարաբաղի բնակիչների օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն է»:

Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Կապանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց հետ․ «Ես նրանց հարցրեցի, թե ինչու են լքել տարածքը, և նրանք պատասխանեցին, որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում»։

«Երկիրը, որն ուրիշներին համարում է իր քաղաքացիներ, պիտի այնպիսի պայմաններ ապահովի, որ այդ մարդիկ իրենց ապահով զգան և իրենց տարածքը, հողը, տները չլքեն»,- նշել է նա։

Մեկնաբանել