Վահան Քերոբյանը Տիգրան Ավինյանին ու նրա մտերիմներին հեռացրել է ANIF-ի խորհրդից

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրաման, որով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նրա աշխատակազմում ընդգրկված երկու այլ անձանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդում։

Բացի Ավինյանից ANIF-ի տնօրենների խորհրդում էր ընդգրկվել Սոնա Թևանյանը, ով Ավինյանի աշխատակազմում էր, երբ վերջինս փոխվարչապետ էր։ Թևանյանն այժմ Ավինյանի խորհրդականն է Երևանի քաղաքապետարանում։ Վաղաժամկետ դադարեցվել են նաև տնօրենների խորհրդի մեկ այլ անդամի՝ Անետա Բաբայանի լիազորությունները։ Անետա Բաբայանը 2018-2021 թթ. եղել է Ավինյանի օգնականն ու խորհրդականը։ Ավինյանին, Թևանյանին ու Բաբայանին ANIF-ում փոխարինել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանն ու էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդում են շարունակում մնալ Ֆրանսիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար Դոմինիկ դը Վիլպենն ու իտալացի ձեռնարկատեր Իսիդրո Լուչչիոլան։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվել է 2019-ին` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Այժմ ֆոնդն իր դուստր ընկերության միջոցով պետական բաժնեմաս ունի ու պետական միջոցներով համաֆինանսավորում է այնպիսի բիզնես նախագծեր, ինչպիսիք են «Ֆլայ Արնա» ավիափոխադրողը, Երևանում գործող Hard Rock ռեստորանը, «Այգ 1» արևային ֆոտովոլտային կայանը։ Ֆոնդը համաֆինանսավորել է նաև «Գլոբալ քոննեքթ» լոգիստիկ ընկերությանը, «Ամբեր կապիտալ» ներդրումային ընկերությանը, «Բերրիմաունթ» ընկերությանը, որ զբաղվում է գյուղատնտեսությամբ ու ունի խոշոր ջերմոցային տնտեսություն։

Տիգրան Ավինյանը ֆոնդում է 2019-ից, նա նաև տնօրենների խորհրդի նախագահն էր։ Կարելի է ենթադրել, որ Ավինյանի համար Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում մնալը էական նշանակություն ուներ, քանի որ վերջինս ANIF-ի տնօրենների խորհրդում մնաց նաև այն ժամանակ, երբ դարձել էր փոխքաղաքապետ։ Փոխքաղաքապետ լինելուն զուգընթաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի անդամի պաշտոն ունենալն ուշադրության էր արժանացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կողմից։ ԿԿՀ-ն սկսել էր ուսումնասիրել՝ արդյո՞ք փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ ANIF-ում պաշտոն ունենալը համատեղելի են։ Պետական ֆոնդից պնդում էին՝ այո, համատեղելի է, քանի որ իրենք Երևանի զարգացման ծրագրեր ևս իրականացնում են, հետևաբար նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր գտնվում են Երևանի քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ ԿԿՀ-ն վարույթի նյութերը հետագայում ուղարկեց դատախազություն և դրա հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։ Քրեական վարույթ նախաձեռնվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հատկանիշներով։ Վարույթի քննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն։

Վահան Քերոբյանը չի հաստատել ANIF-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը

Բացի տնօրենների խորհրդում Ավինյանի, Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունների վաղաժամ դադարեցումը, էկոնոմիկայի նախարարը նաև չի հաստատել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի 2022-ի ֆինանսական հաշվետվությունը։ Ընդ որում՝ հաշվետվությունը չի հաստատվել, քանի որ «հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը»։ Նախարարությունը սա պնդում է ի հեճուկս աուդիտորական եզրակացության, որը հրապարակվել է այս տարվա հուլիսին։ KPMG ընկերությունը աուդիտի էր ենթարկել ֆոնդի ու նրա դուստր ընկերությունների ֆինանսական հաշվետվություններն ու կարծիք ներկայացրել, որ համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում խմբի համախմբված ֆինանսական վիճակը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Այս տարվա մայիսին կառավարությունը որոշ փոփոխություններ ձեռնարկեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում։ Եթե նախկինում ֆոնդը կառավարում էր վարչապետի աշխատակազմը, փոփոխություններից հետո դրա կառավարումն անցավ էկոնոմիկայի նախարարությանը։ Այդ փոփոխությունները պայմանավորված էին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կողմից իրականացված առաքելության ընթացքում հայտնաբերված խնդիրներով։ IMF-ը խնդիրներ էր արձանագրել ANIF-ում՝ կապված ֆոնդի անորոշ մանդատի, հաշվետվողականության, թափանցիկության հետ, ֆիքսել, որ ֆոնդի անսահմանափակ մանդատը կարող է շուկայի մեխանիզմների խաթարում առաջացնել։

«Սիվիլնեթ»-ը մի քանի անգամ դիմել էր ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով տրամադրել IMF-ի կողմից կազմակերպված առաքելության ամբողջական զեկույցը։ Նախարարությունը չի տրամադրել՝ նշելով, որ զեկույցը կարող են տրամադրել «պաշտոնական հրապարակումից հետո»։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել