Վիճակագրությունն ընդդեմ պատգամավորի. իրականում ինչ վիճակում է ռազմարդյունաբերությունը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պնդել է, թե բյուջեով ռազմարդյունաբերողներին տրվող հատկացումները թռիչքաձև աճել են։

«Միայն եթե նայեք բյուջեի հատկացումները ներքին մեր արտադրողների (ռազմարդյունաբերողների- խմբ.) հնարավորությունները զարգացնելու առումով, դուք կտեսնենք, որ թռիչքաձև զարգացում կա, թռիչքաձև»,- ասել է Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում է Հայաստանի ռազմարդյունաբերությունը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեից ռազմարդյունաբերության հատկացումները և ստուգել պատգամավորի այս պնդումը։

Ինչ է ասում վիճակագրությունը

Համաձայն Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված պետբյուջեի տվյալների՝ 2017-2023 թվականներին ռազմարդյունաբերության տարեկան նախատեսվող ֆինանսավորումը շարունակաբար աճել է։

Այսպես, 2017 թվականի պետբյուջեի նախագծով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրով նախատեսվել էր տրամադրել 1,6 մլրդ դրամ, իսկ 2023-ին նույն գծով նախատեսվել էր շուրջ 4 անգամ ավելի՝ 6,8 մլրդ դրամ։

Սակայն մի բան է պետբյուջեի նախագծերով նախատեսել ֆինանսավորում, մեկ այլ բան՝ կարողանալ իրագործել ծրագրերը և նախատեսված գումարները նպատակային ծախսել։ Այսպես, 2022-ի բյուջեով ռազմարդյունաբերությանը նախատեսվել էր ուղղել 5,2 մլրդ դրամ, սակայն փաստացի հաջողվել է ծախսել միայն 2,9 մլրդ դրամը։

Նույն կերպ 2023-ի առաջին կիսամյակում բյուջեով նախատեսվել էր ծախսել գրեթե 1,4 մլրդ դրամ, սակայն կիսամյակի տվյալներով՝ փաստացի իրագործվել է միայն 83 մլն դրամի հատկացում։ Այսինքն՝ կատարվել է կիսամյակի պլանի ընդամենը 6%-ը կամ տարեկան պլանի 1,2%-ը։

Պետական բյուջեի 2024 թվականի նախագծով՝ ռազմարդյունաբերությանը նախատեսվող ֆինանսավորումը նվազեցվել է շուրջ 1 մլրդ դրամով՝ 2023-ի 6,8 մլրդ-ի փոխարեն նախատեսվում է տրամադրել 5,8 մլրդ։

Կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից ռազմարդյունաբերությանը բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները մինչև 2023-ը շարունակական աճել են, սակայն, փաստացի, ծրագրերը թերակատարվում են և նախատեսված գումարները չեն ծախսվում։

Այսպիսով, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պնդումը, թե ռազմարդյունաբերողներին տրվող հատկացումները թռիչքաձև աճել են, մեծամասամբ սխալ է։

Մեկնաբանել