Ովքե՞ր են Հայաստան այցելած ադրբեջանցի զբոսաշրջիկները, որոնք ալեկոծեցին հայկական մամուլը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Մի շարք լրատվամիջոցներ նոյեմբերի սկզբին ահազանգեցին, թե Ադրբեջանի 13 քաղաքացի 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան՝ նշելով, որ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 2,6 անգամ։

Այս մասին, հղում անելով Վիճակագրական կոմիտեի տվյալներին, գրեցին aysor.am, panorama.am, panarmenian.am, asekose.am, lurer.com, past.am, alphanews.am, hayastan.news, syunik.tv լրատվական կայքերը, ինչպես նաև Jamnews-ը։

«ArmeniaTV» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը անգամ ռեպորտաժ պատրաստեց, որում հարցեր էին բարձրացվում, թե «ովքե՞ր են այդ ադրբեջանցիները», «ի՞նչ ճանապարհով և ի՞նչ նպատակով» են հայտնվել Հայաստանում և այլն։

Թվերը ճիշտ են, բայց կա կարևոր հանգամանք

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023-ի առաջին ինը ամիսներին իրոք Ադրբեջանի 13 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան։

Վիճկոմիտեն, ինչպես նշվում է, այս տվյալները ստանում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական շտեմարանից։

Պարզաբանում է ԱԱԾ-ն

Ազգային անվտանգության ծառայությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած 13 զբոսաշրջիկից 12-ը Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի անդամներն էին, որոնք ժամանել էին մասնակցելու Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Հայաստան այցելած Ադրբեջանի մյուս քաղաքացին, ԱԱԾ-ի պարզաբանմամբ, եղել է այլ պետության ֆուտբոլային ակումբի մարզիկ և ժամանել է ակումբի կազմում Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկի հետ խաղի համար։

Խոսքը ալբանական «Էգնատիա» ակումբի կազմում խաղացող ադրբեջանցի ֆուտբոլիստ Վուսալ Իսկենդերլիի մասին է, որը Երևան էր ժամանել 2023-ի հուլիսին «Արարատ-Արմենիա»-«Էգնատիա» հանդիպմանը մասնակցելու համար։

Ո՞վ է համարվում զբոսաշրջիկ

Համաձայն Վիճկոմիտեի կողմից ընդունված ՄԱԿ-ի մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը գտնվել է երկրում առնվազն մեկ օր և անընդմեջ մեկ տարուց ոչ ավելի։ Ընդ որում, նպատակը կարող է լինել ոչ միայն հանգիստը, այլև բուժվելը, այցելությունը հարազատներին, աշխատանքային գործուղումը և այլն։

ԱԱԾ-ն խուսափել է պատասխանել մեր հարցին, թե ինչ ընթացակարգով են Ադրբեջանի քաղաքացիները Հայաստան այցելելու թույլտվություն ստանում և նշել, որ օտարերկրացիների մուտքը կանոնակարգված է «Օտարերկրացիների մասին» օրենքում։

Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) կայքում նշված է, որ Ադրբեջանի քաղաքացիներից մուտքի վիզա չի պահանջվում, սակայն նրանք պետք է ստանան հատուկ թույլտվություն։ Վերջինս, համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի, տրամադրում է ԱԱԾ-ն։

Նախկինում լրատվամիջոցները և քաղաքագետները նույն կերպ ահազանգել էին 2022-ին զբոսաշրջության վիճակագրական տվյալները, որտեղ նշվել էր Ադրբեջանի 3 քաղաքացու այցի մասին։ Այնինչ, խոսքը 2022-ի փետրվարին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակում Ադրբեջանի պատվիրակության Երևան այցի մասին էր։

#CivilNetCheck-ն նախկինում մանրամասն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների փոխադարձ այցերին։

Տես՝ «Եվրանեսթ». ադրբեջանցիները՝ Երևանում, հայերը՝ Բաքվում

Մեկնաբանել