Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist 

Պատկերը՝ The Economist-ի։

Պուտինի ամենամեծ առավելությունը Եվրոպայում ռազմավարական տեսլականի բացակայությունն է. The Economist հանդեսն այսպես է սկսում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր հոդվածը, որը վերնագրված է «Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում» (Putin seems to be winning the war in Ukraine—for now

2022-ի փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ թվում է, որ նա կարող է հաղթել։ Ռուսաստանի նախագահն իր երկիրը դրել է պատերազմի հիմքի վրա և ամրապնդել իշխանությունը: Նա ռազմական մատակարարումներ է ստանում արտասահմանից և օգնում գլոբալ հարավին շրջվելու Ամերիկայի դեմ: Ամենակարևորը, նա խարխլում է Արևմուտքում առկա այն համոզմունքը, որ Ուկրաինան կարող է և պետք է պատերազմից դուրս գա որպես եվրոպական բարգավաճ ժողովրդավարություն:

Արևմուտքը կարող է շատ ավելին անել պարոն Պուտինին հիասթափեցնելու համար: Եթե ցանկանար, այն կարող էր գործի դնել արդյունաբերական և ֆինանսական ռեսուրսներ, որոնք կխոչընդոտեին Ռուսաստանին: Այնուամենայնիվ, ճակատագրականությունը, ինքնագոհությունը և ռազմավարական տեսլականի ապշեցուցիչ բացակայությունը լուրջ խոչընդոտներ են, հատկապես Եվրոպայում: Հանուն իր, ինչպես նաև Ուկրաինայի շահերի՝ Արևմուտքը շտապ պետք է թոթափի իր անտարբերությունը:

Պուտինի հնարավոր հաղթանակի պատճառներից մեկն էլ այն է, որ հաղթելն ավելի շատ տոկունություն է պահանջում, քան տարածք գրավել: Զորքերից ոչ մեկն ի վիճակի չէ մյուսին դուրս մղել այն հողից, որը վերահսկում է: Ուկրաինայի հակահարձակումը կանգնել է. Ռուսաստանը օրական ավելի քան 900 մարդ է կորցնում Դոնբասի շրջանի Ավդեևկա քաղաքը գրավելու ճակատամարտում։ Սա պաշտպանական պատերազմ է, և այն կարող է տևել երկար տարիներ։

Սակայն մարտի դաշտն է ձևավորում քաղաքականությունը։ Գործողությունների թափն ազդում է բարոյահոգեբանական վիճակի վրա: Եթե Ուկրաինան նահանջի՝ Կիևում անհամաձայնությունների աղաղակը կզորանա։ Արևմուտքում հնչող ձայները, որ Ուկրաինային փող ու զենք մատակարարելը փողերի վատնում է, նույնպես կհնչեղանան։ Առնվազն 2024-ին Ռուսաստանը կռվելու ավելի ուժեղ դիրքերում կլինի, քանի որ կունենա ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրետանային արկեր, և քանի որ նրա բանակն ուկրաինական որոշ զինատեսակների դեմ մշակել է էլեկտրոնային պատերազմի հաջող մարտավարություն։ Նաև, որ Պուտինը հանդուրժելի կհամարի զոհերի սարսափելի թվերը։

Արտաքին աջակցության աճը մասամբ բացատրում է Ռուսաստանի առավելությունը մարտի դաշտում։ Պուտինը Իրանից անօդաչու սարքեր է ձեռք բերել, իսկ Հյուսիսային Կորեայից՝ արկեր: Նա աշխատել է համոզելու գլոբալ հարավի մեծ մասին, որ մեծ մասնակցություն չունի Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձություններին: Թուրքիան և Ղազախստանը դարձել են ռուսական ռազմական մեքենան սնուցող ապրանքների խողովակներ։ Ռուսական նավթի համար առաստաղային՝ 60 դոլար գին սահմանելու Արևմուտքի սխեման ձախողվել է, քանի որ դրան զուգահեռ առևտրային սխեմա է ձևավորվել, որի դեմ Արևմուտքը ոչինչ չի կարող անել։ Ռուսական Urals նավթի գինը 64 դոլար է՝ 2023-ի սկզբից 10 տոկոսով թանկ:

Պուտինը հաղթում է նաև, որովհետև ամրապնդել է դիրքերը երկրի ներսում: Հիմա նա իր քաղաքացիներին անհեթեթորեն ասում է, թե նրանք աքցանված են Արևմուտքի դեմ գոյատևման պայքարում: Շարքային ռուսներին պատերազմը գուցե դուր չի գալիս, բայց նրանք սովորել են դրան։ Վերնախավը խստացրել է վերահսկողությունը տնտեսության վրա և շատ փող է աշխատում: Պուտինը կարող է իրեն թույլ տալ ցկյանս աշխատավարձ վճարել ընտանիքներին, որոնց այրերը կռվում ու մեռնում են։

Այս ամենի պատկերին զարմանալի չէ, որ Կիևում տրամադրություններն ավելի մռայլ են։ Քաղաքական կռիվն է վերադարձել, մարդիկ պայքարում են ազդեցության համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա ամենաբարձրաստիճան գեներալ Վալերի Զալուժնին գժտվել են: Ներքին հարցումները ցույց են տալիս, որ կոռուպցիոն սկանդալները և Ուկրաինայի ապագայի վերաբերյալ մտահոգությունները խաթարել են Զելենսկու դիրքերն ընտրողների շրջանում:

Արևմտյան կառավարությունները պնդում են, որ հավատարիմ են Ուկրաինային, քան երբևէ: Սակայն աշխարհով մեկ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ շատերը կասկածում են դրան: Ամերիկայում Բայդենի վարչակազմը պայքարում է, որ Կոնգրեսը թույլ տա ավելի քան 60 մլրդ դոլարի ֆինանսավորումը Ուկրաինային: Շուտով նոր խոչընդոտ կլինի՝ ի դեմս հաջորդ տարվա նախընտրական քարոզարշավի։ Եթե Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվի՝ արագ խաղաղություն հաստատելու խոստումով, Ամերիկան կարող է հանկարծակի դադարեցնել զենքի մատակարարումը։

Եվրոպան պետք է պատրաստ լինի սարսափելի այդ սցենարին և ամերիկյան օգնության դանդաղմանը, ով էլ որ լինի Սպիտակ տանը: Սակայն եվրոպացի առաջնորդները շարունակում են այնպես, կարծես առատաձեռն Ջո Բայդենը ղեկավարելու է հավերժ: Եվրամիությունը Ուկրաինային խոստացել է 50 միլիարդ եվրո, բայց Հունգարիան և, հնարավոր է, Գերմանիայի բյուջետային խառնաշփոթը խոչընդոտում են այդ գումարի հատկացումը: Դեկտեմբերին Եվրամիությունը պետք է ազդարարի, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի անդամակցության համար։ Սակայն շատերը կարծում են, որ գործընթացը միտումնավոր կխափանվի, քանի որ ընդլայնումը դժվար է և սպառնում է սեփական շահերին: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պրանկ ձայնագրության ժամանակ ասել է, որ Եվրոպան հոգնել է: Կարելի է կարծել, թե Թրամփի նախագահությունը կարող է նպաստել Ուկրաինայի աջակցությանը, քանի որ Եվրոպան ևս ստանձնել է պաշտպանության իր պատասխանատվությունը: Սակայն առաջնորդներից մեկը մասնավոր զրույցում կանխատեսում է, որ աջակցության շուրջ տարաձայնությունները խորանալու են:

Դա աղետ կլինի: Մինչև 2025-ը պատերազմ վարելու լարվածությունը կարող է սկսել հասնել պարոն Պուտինին: Ռուսները կարող են գնալով ավելի զայրանալ հարկադիր մոբիլիզացիաներից, գնաճից և սոցիալական ծախսերի փոխարեն բանակը ֆինանսավորելուց: Սակայն պարզապես հույս ունենալ, որ Պուտինի ռեժիմը կփլուզվի, անիմաստ է: Նա կարող է տարիներ մնալ իշխանության ղեկին, և եթե մնա, ապա կսպառնա պատերազմով, քանի որ դա նրա արդարացումն է ներքին բռնաճնշումների և սեփական ժողովրդի տառապանքների համար: Նա խաթարել է Ռուսաստանի հեռանկարները՝ նրան մեկուսացնելով Եվրոպայից և արտաքսելով ամենաձեռներեց մարդկանց: Առանց պատերազմի՝ նրա իշխանության ունայնությունն ամբողջությամբ ի դերև կելնի։

Հետևաբար, Եվրոպան պետք է ծրագրի, որ Պուտինն իր անվտանգությանը հիմնական ու երկարաժամկետ սպառնալիք է լինելու: Ռուսաստանը վերազինվելու է։ Այն ունենալու է մարտական փորձ։ Եվրոպան իր պաշտպանությունը պետք է ծրագրի այնպես, որ Պուտինին թույլ չտա իր թուլությունը շոշափելու այս կողմում, հատկապես, որ նա կասկածում է նախագահ Թրամփի՝ կռվելու պատրաստակամությանը, եթե ինքը հարձակվի ՆԱՏՕ-ի երկրի վրա:

Պարոն Պուտինին զսպելու լավագույն միջոցը կլինի այն, որ Եվրոպան վճռականություն դրսևորի՝ հենց հիմա ցույց տալով, որ լիովին հավատարիմ է ծաղկող, ժողովրդավարական ու դեպի Արևմուտք ձգտող Ուկրաինային: Ուկրաինայի սպառազինումը կարևոր է, հատկապես հակաօդային պաշտպանությունը և հեռահար հրթիռները՝ ռուսական մատակարարման գծերին հարվածելու համար։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը հաստատի օգնության վերջին տրանշը: Քանի որ զինանոցներն արդեն սպառվել են, ավելի շատ աշխատանք է պետք արևմտյան զենք արտադրողների կարողությունները մեծացնելու ուղղությամբ: Պատժամիջոցները ևս կարող են ավելի արդյունավետ թիրախավորում ունենալ՝ Պուտինի վարչակարգի ու ռուսական վերնախավերին իրարից բաժանելու համար:

Քաղաքական գործողությունները Եվրոպայում նույնպես կարևոր են: Պուտինը կհարձակվի Ուկրաինայի քաղաքների վրա և կպառակտի նրա հասարակությանը՝ սաբոտաժի ենթարկելով երկրի վերափոխումը արևմտյան ժողովրդավարության: Ի պատասխան՝ Եվրոպան պետք է կրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Ուկրաինայի առաջընթացը՝ փողի և ԵՄ-ին միանալու խոստումով: Եվրոպական առաջնորդները չեն գիտակցում խնդրի վիթխարիությունը։ Իսկապես, շատ-շատերը, կարծես, խուսափում են դրանից: Դա հիմարություն է։ Նրանք պետք է հիշեն Լև Տրոցկուն. «Դուք կարող են չհետաքրքրվել պատերազմով, բայց պատերազմն անպայման կհետաքրքրվի ձեզնով»:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Մեկնաբանել