Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու. փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: Դա ուղղակի անհնարին է»,- ասել է փոխվարչապետը:

Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների վերջին աշխատանքային հանդիպմանը, Գրիգորյանի խոսքով՝ պայմանավորվել են հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը․ «Կարծում եմ՝ մենք մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք և այդուհետ մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»։

Ինչ վերաբերում է անկլավների հարցին, փոխվարչապետը նշեց․ «Դժվար է ասել վերջնականապես այդ հարցն ունի՞ որևէ իրավական նշանակություն ունեցող հիմք, թե՞ չունի»:

***

Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Մեկնաբանել