Մոսկվան ողջունում է գերիների ազատ արձակման մասին Բաքվի ու Երևանի միջև պայմանավորվածությունը

Mid mfa russia

Մոսկվան ողջունում է Բաքվի ու Երևանի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Այդ մասին ասված է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Ռուսական կողմը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունով հաստատվում է «երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և հաշտության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը»։

«Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է մեկնաբանությունում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշում է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և քաղաքացիական հասարակության գծով շփումներին։

***

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել: Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանական 2 զինծառայողի։

Վերջին անգամ հայ գերիներ ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել 17 ռազմագերի։

Ադրբեջանական գերության շարունակում է գտնվել 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ գտնվողների թիվը շատ ավելի մեծ է։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Մեկնաբանել