Միրզոյանը մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, կհանդիպի Բորելի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման մեկնարկին Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ. «Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։ Իհարկե, սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին»։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ կհասցեագրվեն նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, ինչպես նաև կքննարկվեն Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ հանդիպում է անցկացնելու Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ նրա՝ «իրավիճակը Հայաստանում ԵՄ ամուր աջակցությունն է պահանջում»։

Մեկնաբանել