Նախարարությունը սկսել է ընդունել արցախցիների կենսաթոշակների դիմումները

Այսօրվանից՝ դեկտեմբերի 11-ից, ընդունվում են արցախցիների կենսաթոշակների նշանակման դիմումները, հայտնում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակում։

Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստին հաստատել էր Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակին վերաբերող նոր կարգը։ Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ արցախցիները, ըստ էության, առանց ընդհատման իրենց թոշակները ստանալու են Հայաստանում․ «Նրանք հոկտեմբեր-նոյեմբերի թոշակները չեն ստացել, բայց այս որոշման ընդունումից հետո, կստանան այդ ամիսների թոշակները, իսկ դեկտեմբերից արդեն կշարունակեն նորմալ ընթացակարգով ստանալ»,- նշել էր վարչապետը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ:

Մեկնաբանել