Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները կարող են կայանալ Ադրբեջանում և Հայաստանում

Կառավարությունը դեկտեմբերի 14-ին հավանության է արժանացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։

Այս աշխատակարգը սահմանում է, թե ինչպես պետք է կազմակերպվեն Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան պատվիրակությունների հանդիպումները։

«Աշխատակարգը պետք է սահմանվի երկու երկրների կառավարությունների կողմից։ Աշխատակարգով սահմանվում է երկու երկրների հանձնաժողվների համատեղ նիստերի ընթացակարգերը, սահմանվում է, որ նիստերի անցկացման օրը, ժամը, վայրը սահմանվում են հանձնաժողվների նախագահների միջև համաձանությամբ։ Նիստերը հաջորդաբար պետք է կայանան ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքում, կամ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, երրորդ երկրում կամ տեսակոնֆերանսի միջոցով»,- նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարարը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սահմանազատման գործընթացը աշխատակարգի հաստատմամբ դրվում է ինստիտուցոնալ հենքի վրա։

Հայկական կողմի հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ աշխատակարգի հաստատումից հետո հաջորդ փուլում պետք է մշակվի մեկ այլ կանոնակարգ, որը կլինի սահմանագծման ու սահմանազատման մեթոդաբանությունը․ «Այդ մեթոդաբանությունը հաստատելուց հետո, կարծում եմ, աշխատանքները կշարունակենք կոնկետ փաստաթղթերով ու տոպոգրաֆիկ քարտեզներով»,- ասաց Գրիգորյանը: Վերջինս նաև հայտարարեց՝ Ադրբեջանը ևս այսօր հաստատելու է այս աշխատակարգը։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով հինգ հանդիպում է կայացել՝ երեքը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։

Մեկնաբանել