Շաքարի ու քաղցր ըմպելիքների վնասակարությունը

Գործընկերային բովանդակություն

Ինչո՞ ւ են մարդիկ ամբողջ աշխարհում շատ շաքար օգտագործում։ Շաքարը օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է, որը հասանելի է ու մատչելի: Սա հիմնական պատճառներից մեկն է, որի արդյունքում ավելի ու ավելի շատ են այն սպառում ամբողջ աշխարհում՝ մեծացնելով այդ թիվը տասնյակ միլիոն տոննաներով: Խոսքը միայն շաքարի ուղիղ սպառման մասին չէ, թե որքան են մարդիկ ավելացնում այն ուտելիքի կամ ըմպելիքների մեջ: Բազմաթիվ մթերքներ, որոնք մենք գնում ենք խանութներից, պարունակում են շաքարային հավելումներ: Մեծ քանակությամբ շաքար են պարունակում գազավորված քաղցր ըմպելիքները, մրգային հյութերը: Իսկ վերջին 50 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում բավական ինտենսիվ օգտագործում են կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն և այլն, որոնց մեջ արտադրողները մեծ քանակությամբ շաքար են ավելացնում՝ համերն առավել ընդգծելու և պիտանիության ժամկետները երկարացնելու համար։ Շաքար կարող է լինել անգամ մակարոնեղենի և հացի մեջ։ Իսկ նման մթերքները մեր պարենային ապրանքների բավական մեծ մասն են կազմում (ԱՄՆ Գյուղնախարարության տվյալներով՝ դեռ 2000-ականների սկզբին՝ մոտ 80%): Առողջապահության ոլորտի մասնագետները շաքարի սպառման այսպիսի աճով են նաև պայմանավորում ճարպակալման համատարած խնդիրը ամբողջ աշխարհում:

Քաղցր ըմպելիքներ. ինչի՞ց են պատրաստվում

Քաղցր ըմպելիքների շարքում են բոլոր այն հյութերն ու խմիչքները, որոնց մեջ ավելացված է շաքար կամ տարբեր քաղցրացուցիչներ: Քաղցր գազավորված հյութերը, սառը թեյերը, Կոլան, էներգետիկ ըմպելիքները, մրգային ըմպելիքները, լիմոնադները, կոկտեյլները՝ բոլորն իրականում հեղուկ կոնֆետներ են: Օրինակ՝ մեկ շիշ զովացուցիչ գազավորված ըմպելիքը պարունակում է մոտ 10 թեյի գդալ շաքար: Էներգետիկ ըմպելիքի մեկ շիշը պարունակում է մինչև 16 թեյի գդալ շաքար կամ 1 բաժակ քաղցր լիմոնադը պարունակում է մինչև 5 ճաշի գդալ շաքար:

Շաքարը հեշտ մարսվող ածխաջուր է, առողջության համար վտանգը կախված է դրա քանակից: Կարելի է, իհարկե, ասել, որ շաքարը գլյուկոզա է, որը բարձրացնում է մտավոր ակտիվությունը, աշխատունակությունը և էներգիայի աղբյուր է: Բայց պետք է գիտակցել, որ այն արագ վերածվում է ճարպի և նստում կոնքերին, ազդրերին ու ստամոքսին։ Բացի այդ, շաքարն առաջացնում է կարիես, սրտանոթային համակարգի հիվանդություններ և նույնիսկ աթերոսկլերոզ։ Արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակությունը հանգեցնում է ինսուլինի հորմոնի արտադրության ավելացմանը, որը պատասխանատու է դրա մշակման համար, նաև ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալության խաթարմանը, շաքարախտին, գիրության զարգացմանը:

Մեր խանութներում վաճառվող բոլոր գազավորված ըմպելիքների բաղադրությունը մոտավորապես նույնն է. հիմնական բաղադրիչները ջուրն ու ածխաթթու գազն են։ Հանքային ջրում առկա ածխաթթու գազը իրականում անհրաժեշտ է դրա հատկությունները պահպանելու և բակտերիաների նկատմամբ դիմացկուն դարձնելու համար: Ածխաթթու գազը համարվում է ամենաքիչ վնասակար կոնսերվանտը: Բացի այդ, գազավորված ջուրը շատ լավ հագեցնում է ծարավը: Բայց քաղցր գազավորված ըմպելիքներն ունեն այնպիսի բաղադրիչներ, որոնք չեն հագեցնում ծարավը և չեն լրացնում օրգանիզմում հեղուկի պակասը, այլ միայն ավելացնում են խմելու ցանկությունը: Դրանք ներառում են կամ շաքար կամ տարբեր քաղցրացուցիչներ, կոնսերվանտներ և սննդային թթուներ, որոնք երկարացնում են արտադրանքի պահպանման ժամկետը. ներկանյութեր, համն ու բույրը ուժեղացնող նյութեր, երբեմն՝ կոֆեին:

Քաղցրացուցիչներ, որոնք փոխարինում են շաքարը

Եթե գնել եք, այսպես կոչված, դիետիկ ըմպելիք, որը չի պարունակում շաքար, ապա հարկ է իմանալ, որ շաքարի փոխարինիչներն ավելի վնասակար են, քան շաքարն ինքը:

Ներկայացնենք ամենատարածված քաղցրացուցիչ նյութերը և նրանց վնասակար ազդեցությունը օրգանիզմին:

Ասպարտամ կոչվող քիմիական նյութը շաքարից 200 անգամ քաղցր է և ոչ մի կալորիա չի պարունակում: Ասպարտամն օգտագործվում է ցածրկալորիական Կոլայում, մաստակի շատ տարատեսակներում և Հայաստանում արտադրվող մեծ թվով գազավորված ըմպելիքներում: Այն օրգանիզմի վրա տոքսիկ ներգործություն ունի և շատ վտանգավոր է: Ասպարտամն աղիներում աղիքային մանրէների ազդեցությամբ մի շարք միացությունների է անջատվում, որոնց մի մասը կանցերոգեն են: Հենց այդ պատճառով մասնագետներից շատերը ասպարտամը պոտենցիալ կանցերոգեն նյութ են համարում, որը քաղցկեղային հիվանդություններից բացի, կարող է առաջացնել մի շարք այլ հիվանություններ ևս, օրինակ՝ աղիների բորբոքման համախտանիշ: Դրա հանդեպ ավելի խոցելի են այն երեխաները, որոնք գազավորված ըմպելիքներ շատ են խմում և ասպարտամի մեծ չափաքանակ են ստանում:

Ասպարտամը 30°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում քայքայվում է մեթանոլի, ֆորմալդեհիդի, մրջնաթթվի՝ ուժեղ քաղցկեղածինների, որոնք նպաստում են չարորակ ուռուցքների, սկլերոզի, էպիլեպսիայի, Գրեյվսի հիվանդության, քրոնիկ հոգնածության, շաքարախտի, մտավոր հետամնացություն և այլ առողջական խնդիրների առաջացմանը:

Քսիլիտոլ: Այս նյութի մասին հաճախ լսում ենք մաստակների գովազդից, որը սակայն, երիկամներում քարերի առաջացման համար վտանգավոր նյութ է։

Սախարին: Այս նյութը շաքարից քաղցր է 400-500 անգամ: Կուտակվելով մարմնում՝ դառնում է քաղցկեղային ուռուցքների հարուցիչ։

Թթուներ և կոնսերվանտներ: Լիմոնադների և քաղցր ըմպելիքների արտադրության մեջ ընդունված է օգտագործել կիտրոնաթթուներ և ֆոսֆորական թթուներ: Դրանք գործում են որպես կոնսերվանտներ և համը ուժեղացնող նյութեր՝ օգնելով ստեղծել նույնական բնական համը:

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ փաստին. մեծ քանակությամբ լիմոնադ խմելու ամենավտանգավոր բարդությունը համարվում է կալցիումի քայքայումը, ինչը հանգեցնում է ոսկորների փխրունության և պահանջում երկարատև բուժում։ Երբեմն կալցիումի պակասը հանգեցնում է հաշմանդամության: Խմիչքի երկար պահպանման ժամկետն ապահովելու և լիմոնադի համը պահպանելու համար օգտագործվում է նատրիումի բենզոատ (E211), որը վերածվում է թունավոր բենզոլի։ Այս տարրը հանգեցնում է բջիջների մուտացիաների և մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ներկանյութեր: Նյութեր, որոնք խմիչքին տալիս են նոր գույն կամ թաքցնում նրա բնական երանգը: Ներկանյութերը կարող են լինել բնական կամ արհեստական: Ամենատարածված բնական ներկը շաքարի գույնն է՝ այրված շաքարը (E-150): Բայց սինթետիկ ներկերն ավելի հաճախ են օգտագործվում, քանի որ տեսականին շատ ավելի լայն է, արժեքը՝ շատ ավելի ցածր։ Ազոտ պարունակող նյութերը վտանգավոր են, դրանք կարող են առաջացնել ասթմայի նոպաներ, իսկ բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ՝ եղնջացան: Կարմիր ներկը (E128) մարմնում վերածվում է անիլինի: Անիլինը թունավոր է, ազդում է արյան հեմոգլոբինի վրա, կարող է առաջացնել քաղցկեղ և գենետիկ փոփոխություններ բջիջներում:

Ճարպակալումից մինչև քաղցկեղ. քաղցր ըմպելիքների արդյունքը

Մեր օրգանիզմը հեշտ յուրացնում է գլյուկոզան, բայց ֆրուկտոզան միայն լյարդն է կարողանում յուրացնել: Հետևաբար, քաղցր գազավորված ըմպելիքների՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել ֆրուկտոզայի գերբեռնվածության: Այդ ժամանակ լյարդը ֆրուկտոզան վերածում է ճարպի: Ըմպելիքը չարաշահողները կարող են ոչ միայն գիրության, այլև շաքարախտի զարգացման վտանգի տակ հայտնվել: Կանոնավոր օգտագործման դեպքում գազավորված ըմպելիքները քայքայում են ատամի էմալը, ինչը հանգեցնում է կարիեսի, գաստրիտի, միզաքարային հիվանդությունների և երիկամային կոլիկի զարգացմանը։

Քաղցր ըմպելիքներն առաջացնում են սննդից կախվածություն և անընդհատ ծարավի զգացողություն: Գազավորված ըմպելիքի մեջ պարունակվող շաքարը շատ արագ մշակվում և յուրացվում է՝ առաջացնելով ինսուլինի տատանումներ արյան մեջ, և այդ ժամանակ օրգանիզմին արագ անհրաժեշտ է ածխաջրային սնուցում: Հենց սա է դրսևորվում որպես քաղցի սուր նոպա: Իսկ դրա արդյունքն են դառնում ավելորդ քաշը, որովայնի փքվածությունը, աղիներում մշտական խմորումներն ու գազերը:

Կարող է առաջացնել գլխացավեր: Մասնագետները նշում են որոշակի փոխկապվածություն միգրենի առաջացման հաճախականության և գազավորված ըմպելիքների միջև: Միգրենով ավելի շատ տառապել են այս ըմպելիքների սիրահարները:

Ունի բացասական ազդեցություն լյարդի վրա: Ինչպես նշեցինք, ֆրուկտոզան մշակում է լյարդը, և շաքարի ավելցուկները այնտեղ կուտակվում են որպես ճարպ:

Գազավորված քաղցր ըմպելիքների չարաշահումը բացասաբար է ազդում ատամի էմալի վրա: Գիտենք, որ շաքարը վնասակար է ատամներին: Ընդ որում, վնասը նմանատիպ շաքարից կրկնակի է:

Առաջինը անմիջական վնասն է: Քաղցր ըմպելիքի մեջ առկա շաքարը շատ լավ միջավայր է վնասական միկրոօրգանիզմների համար, որոնք առաջացնում են կարիես, բորբոքային գործընթացներ և այլ խնդիրներ:

Երկրորդը երկարաժամկետ ազդեցությունն է: Շաքարը փոխում է թքի կազմը, որը պաշտպանում է բերանի խոռոչը մանրէների բազմացումից: Սակայն շաքարի պատճառով թքի պաշտպանիչ գործառույթը դադարում է գործել այնպես, ինչպես պետք է:

Քաղցր գազավորված ըմպելիքները, այդ թվում, դիետիկները, որոնց բաղադրության մեջ շաքարի փոխարինիչներ են, պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնք քայքայում են ատամների էմալը: Թթուների ազդեցությունը կարելի է չեզոքացնել՝ ողողելով բերանը մաքուր ջրով: Խնդիրն այն է, որ շատերը խմում են գազավորված ըմպելիքներ ջրի փոխարեն: Ավելին՝ խմում են կում-կում, փոքր չափաբաժիններով, և այդպես երկարացնում են թթուների ազդեցության ժամանակը:

Բացի այդ, գազավորված ըմպելիքները պարունակում են սննդային հավելումներ, որոնք խախտում են նյութափոխանակությունը: Երբ փոխվում է թքի բաղադրությունը, խախտվում է վիտամինների և հանքային նյութերի յուրացման գործընթացը: Դա հատկապես վերաբերում է այն ըմպելիքներին, որոնք պարունակում են կոֆեին: Մասնագետների գնահատմամբ՝ թարմ քամված բնական հյութերը ևս կարող են բացասական ազդեցություն ունենալ ատամների վրա՝ շաքարի և մրգային թթուների պատճառով:

Բայց քանի որ բնական հյութերը, ի տարբերություն գազավորված ըմպելիքների, շատ օգտակար են, պետք չէ դրանցից հրաժարվել: Ատամների համար հնարավոր վնասը չեզոքացնելու համար հարկավոր է ուղղակի հյութն ըմպելուց հետո ողողել բերանը ջրով:

Կարող է առաջացնել դեպրեսիա՝ ըստ Նևրոլոգիայի ամերիկյան ակադեմիայի: Այնտեղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր տասը տարվա ընթացքում օրական կանոնավոր խմել են չորս բաժակից ավելի գազավորված ըմպելիք, 30% ով ավելի հաճախ են ենթարկվում դեպրեսիվ խանգարումների:

Քաղցր ըմպելիքների շատ գործածումը մեծացնում է երկրորդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը: Դարձյալ ամերիկյան գիտական հետազոտությունների տվյալներով՝ ընդամենը մեկ չափաբաժին դիետիկ Կոլայի օգտագործումը մեծացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը 36% ով:

Նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը: Ըստ հետազոտության՝ նրանք, ովքեր կանոնավոր խմում են գազավորված ըմպելիքներ, մոտ տասը տարվա ընթացքում 70% ով ավելի շատ են ավելորդ քաշ կուտակում:

Շաքարը սննդի մեջ

Շաքար պարունակող հավելումները բարելավում են սննդի համը, սակայն՝ ի հաշիվ սննդարար նյութերի: Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաքարի մեծ քանակության գործածումը կարող է փոխել արյան մեջ լիպիդների մակարդակը: Իսկ լիպիդները կենդանի օրգանիզմներում կատարում են բազմազան՝ էներգետիկ, պաշտպանողական, կառուցվածքային, կարգավորիչ ֆունկցիաներ։ Որքան մարդը շատ է իր սննդի մեջ գործածում շաքարային և բարձր կալորիականությամբ հավելումներ, այնքան մեծ է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

Շաքարի մեծ քանակը բարձրացնում է նաև խոլեստերինի մակարդակը:
Մասնագետների խոսքով՝ ճարպ և շաքար պարունակող մթերքները հանգեցնում են աղիքային միկրոֆլորայի անբարենպաստ փոփոխությունների, ուստի դրանց օգտագործումից պետք է խուսափել:

Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունը փաստում է, որ այդպիսի սնունդը նվազեցնում է մարդու՝ ադապտացվելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունը:

Մեծ թվով հետազոտությունները նաև պարզել են, որ ճարպի, շաքարի և պարզ ածխաջրերի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումը մեծացնում է որոշ քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ ներառյալ ճարպակալումն ու Ալցհեյմերի հիվանդությունը:

Շաքարի վտանգը կանխարգելող միջոցներ

Վերջին մի քանի տարիներին ավելի քան 20 երկրներ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների, գլխավորապես քաղցր ըմպելիքների համար լրացուցիչ հարկեր են սահմանել՝ դրա շրջանառությունը կրճատելու նպատակով։ Մի շարք երկրներում այդ միջոցը հանգեցրեց նրան, որ արտադրողները սկսեցին փոփոխել արտադրանքի բաղադրությունը՝ հարկի տակ ընկնող խմբից դուրս գալու համար։

Որոշ երկրներում սնունդ արտադրող ընկերություններն իրենք են միջոցներ ձեռնարկել։ Նախորդ տարվա դեկտեմբերին գերմանական սննդարդյունաբերական մի քանի խոշորագույն ընկերություններ պարտավորվել են մինչև 2025թ․ էականորեն նվազեցնել շաքարի և աղի պարունակությունը իրենց կողմից մշակվող մթերքներում, ինչպես նաև 15%-ով կրճատել շաքարի օգտագործումն ըմպելիքների մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշով՝ շաքարի քանակությունը մեծահասակի ու երեխայի սննդակարգում 10 տոկոսից պակաս պիտի լինի։

ԱՀԿ-ի կարծիքով՝ կատարյալ կլինի, եթե շաքարն ու շաքար պարունակող մթերքների ծավալն օրական ճաշացանկում չգերազանցի 5%-ը, ինչը մոտավորապես 25 գրամ կամ 6 թեյի գդալ է կազմում։

Մեկնաբանել