Աբխազիան Պիցունդայի ամառանոցը փոխանցում է Ռուսաստանին՝ չնայած ներքին բողոքներին

OC Media

Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Պիցունդայի (Բիչվինտա) ամառանոցը Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայությանը 49 տարով փոխանցելու մասին պայմանագիրը։

Չորեքշաբթի ժամը 05:30-ին խորհրդարանի անդամները հավաքվել էին արտահերթ նստաշրջանի՝ համաձայնագրի քվեարկության համար։

Խորհրդարանը համաձայնագրում ներառել է աբխազ ընդդիմադիր ակտիվիստների պահանջած մի շարք հոդվածներ, որոնք երաշխավորում են գործարքի դադարեցումը, եթե Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայությունը «պետական ամառանոցը նվիրաբերի, վաճառի կամ փոխանցի» երրորդ կողմի:

Բացի այդ, Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայությունը չի կարող նոր շենքեր կամ օբյեկտներ կառուցել վարձակալված տարածքում՝ առանց Աբխազիայի նախնական համաձայնության:

Ակնկալվում էր, որ խորհրդարանը գործարքը վավերացնելու համար կհավաքվի չորեքշաբթի, ժամը 11:00-ին։ Երեքշաբթից արդեն ցուցարարները հավաքվել էին կառավարական շենքերի և խորհրդարանի շուրջ՝ թույլ չտալու, որ ոստիկանները շրջափակեն խորհրդարանը և արգելեն իրենց ներկայությունը նիստին:

28 պատգամավոր խորհրդարան ժամանեց կեսգիշերից հետո, իսկ քվեարկությունն անցկացվեց փակ դռների հետևում չորեքշաբթի վաղ առավոտյան: Ամառանոցի վիճահարույց փոխանցման քննադատներն ասում են, որ խորհրդարանը որոշել է վավերացնել համաձայնագիրը վաղ առավոտյան՝ խորհրդարանի մոտ բողոքի ցույցերից խուսափելու համար:

Ընդամենը երեք պատգամավոր է դեմ քվեարկել ամառանոցը Ռուսաստանին փոխանցելուն։

Պիցունդայի ամառանոցի գործարքը սկսվել է 1995-ից, երբ Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան համաձայնեց 49 տարով վարձակալության տալ այն Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայությանը: Այն ներառում է Սև ծովի ափամերձ 186 հա հողատարածք:

Համաձայնագիրը երկարաձգվեց 2022-ի հունվարին՝ չնայած իրավաբան փորձագետների և ակտիվիստների քննադատությանը, որոնք արշավներ էին կազմակերպել ամառանոցի փոխանցման դեմ։

Մեկնաբանել