Աբխազ և վրացի պաշտոնյաները քննարկել են Ինգուրի ՀԷԿ-ի համատեղ օգտագործումը

OC Media

Դեկտեմբերի 22-ին Աբխազիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ մասնակցել են Ինգուրի (Էնգուրի) ՀԷԿ-ի վրացի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչը Աբխազիայում հանրային դժգոհություն է հարուցել:

Աբխազիայի պատվիրակությունը գլխավորել է Աբխազիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը։ Պատվիրակության այցի մասին լուրերը տարածվելուն պես, Աբխազիայի ընդդիմադիր գործիչներից մի քանիսը քննադատել են հանդիպման գաղտնի բնույթը:

Ինգուրիի ամբարտակը և ՀԷԿ-ը Աբխազիայի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն են, իսկ լրացուցիչ էլեկտրաէներգիան տրամադրում է Ռուսաստանը՝ ավելի բարձր գնով։ Երեքշաբթի Օզգանը հաստատել էր իր այցը և հայտարարել, որ ինքը «հերթական հանդիպումներն» է անցկացրել դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիպումից առաջ։

«Հանդիպման ընթացքում մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԷԿ-երը վերականգնելու մեր մտադրության վերաբերյալ,- ասել է Օզգանը Sputnik Abkhazia-ին։- Աբխազական կողմը նշել է, որ ծրագրեր ունի սկսելու այլ ՀԷԿ-երի վերակառուցումը»։

Նոյեմբերին ընդդիմադիր գործիչ և վետերանների «Արուաա» կազմակերպության ղեկավար Թեմուր Գուլիան ասել էր, որ Աբխազիայի ընդդիմությունը սատարում է Ինգուրի ՀԷԿ-ի վրացական ղեկավարության և նրա նախագահ Լևան Մեբոնիայի առաջարկը:

Նա մեջբերել է Մեբոնիայի խոսքերը, որ Վրաստանն իր հաշվին կվերանորոգի ՀԷԿ-ի մի քանի կայաններ, իսկ հետո իր էլեկտրաէներգիայի արտադրությունը կիսով չափ կբաժանի Աբխազիայի և Վրաստանի միջև՝ անկախ նրանից, թե կողմերը ինչքան ներդրում են ունեցել վերանորոգման գործում:

Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին Օզգանի՝ Վրաստան այցի մասին, «Արուաան» Օզգանին կոչ է արել հրապարակավ ներողություն խնդրել կամ «անհապաղ հրաժարական տալ»՝ Վրաստան այցերը գաղտնի իրականացնելու համար:

«Բոլոր [նախորդ] բանակցությունները, որ մեր երկրի ներկայացուցիչները վարել են վրացական կողմի հետ, տեղի են ունեցել Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող Ինգուրիի ՀԷԿ-ում էներգետիկ հարցերի շուրջ կամ Ժնևյան քննարկումների շրջանակում, և նախապես հայտարարված էին ու հայտնի մեր հանրությանը»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

«[Օզգանը] ինկոգնիտո է գնացել Վրաստանի տարածք՝ Աբխազիայի Հանրապետության ժողովրդից թաքցնելով իր այցը,- շարունակվում է հայտարարությունը։- Ոչ ոք չգիտի, թե ինչ է քննարկել տիկին Օզգանը և ում հետ է նա հանդիպել։ Եթե դրանք էներգետիկ հարցեր են, ապա մենք չգիտենք, թե ինչ է քննարկվել, ինչ է առաջարկել աբխազական կողմը էլեկտրաէներգիայի դիմաց՝ քաղաքական զիջումնե՞ր, թե՞ այլ բան»։

«Բայց ոչինչ չի կանգնեցնում իշխանավորներին, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները։ Դո՛ւք՝ այսօրվա քաղաքական գործիչներդ, ինչպե՞ս եք համարձակվում թաքնվել ժողովրդից՝ այցելել թշնամի երկիր և բանակցել մեր անունից»,- եզրափակվում է հայտարարությունը։

«Հարաբերություններն ու վստահությունը վերականգնելու հնարավորություն»

Երկուշաբթի վրացական BMG լրատվականը հայտնել է, որ Օզգանը Արևմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի հետ:

Թեև Վրաստանի կառավարությունը չի հաստատել հանդիպման եղելությունը, Մեբոնիան, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, լրատվամիջոցներին ասել է, որ ներկաները քննարկել են միայն ՀԷԿ-ի շահագործումը։ Մեբոնիան չի պատասխանել OC Media-ի հայցին՝ մեկնաբանելու, թե ով է ներկա եղել Զուգդիդիում կայացած հանդիպմանը:

Երեքշաբթի Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ տեղյակ չէ հանդիպման մանրամասներին։ Նա նշել է, որ ՀԷԿ-ը «միշտ հնարավորություն է եղել վերականգնելու հարաբերություններն ու վստահությունը օկուպացիոն գծով բաժանված երկու համայնքների միջև»։

Նույն օրը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նույնպես հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը, սակայն նույն կերպ հայտարարել, որ ՀԷԿ-ը «տարիներ շարունակ» եղել է տարածք, որտեղ մենք կարող ենք խոսել տեխնիկական հարցերի մասին, որպեսզի օկուպացված տարածքներում մեր քաղաքացիներն ունենան համապատասխան սոցիալական պայմաններ»։

Մեկնաբանել