Թուրքիայի հյուսիսկովկասյան սփյուռքը․ պառակտման կանխազգացումներ

Չերքեզների ցեղասպանության հիշատակի միջոցառում Անկարայում, 2023-ի մայիսի 21: Լուսանկարը՝ Ալեքսանդր Թեթչերի/OC Media

Ալեքսանդեր Թեթչեր, OC Media

Թուրքիայի հյուսիսկովկասյան սփյուռքը երկար ժամանակ դժվարին դիրք է գրավել Անկարայի և Մոսկվայի միջև, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից և Էրդողանի վերընտրվելուց հետո համայնքի և նրա ներկայացուցչական կազմակերպությունների ներսում լարվածությունն առաջին պլան է մղվել:

Չերքեզների ցեղասպանության այս տարվա մայիսի 21-ի ոգեկոչման արարողությունը տարբերվում էր. Ստամբուլում հավաքվելու ոգեկոչման հիմնական մասը փոխարեն տեղի ունեցավ Անկարայում՝ Անտիպարկ զբոսայգում, որը կառուցվել է Անիտքաբիրում՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանի ստվերում:

Էթնիկ փոքրամասնությունների նմանօրինակ հպարտ հայտնությունը Թուրքական Հանրապետության հիմնադրի դամբարանին այդքան մոտ սովորաբար տաբու կլիներ, սակայն այդ օրը ծածանվեցին մի շարք դրոշներ՝ չերքեզական, աբխազական և Իչկերիայի Չեչենական Հանրապետության:

Ոգեկոչումը ներկայացնում էր թե՛ հյուսիսկովկասյան համայնքի ոչ հեշտ մտերմությունը Անկարայում քաղաքական իշխանության հետ, թե՛ նրանց հիմքում ընկած ազգայնական ինքնության երակը, որը հակադրվում է Հյուսիսային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի մոտեցմանը:

Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքականության մեջ վերջին դրամատիկ զարգացումները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը ընտրություններում, նրա՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» շուրջ ասեկոսեները, Թուրքիայում ավտորիտարիզմի արմատավորումը և Մոսկվայի հետ հարաբերությունների ակնհայտ վատթարացումը կարող են խորապես ազդել Թուրքիայի կովկասյան սփյուռքի վրա։

Դրա հետ մեկտեղ, Հյուսիսային Կովկասում Մոսկվայի նկատմամբ դժգոհության աճը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո կարող է հարաբերությունների փոփոխության հանգեցնել Կովկասի հետ հարաբերություններում:

Իշխանության մերձավորները

Թուրքիայի հյուսիսկովկասյան սփյուռքը, որտեղ գերակշռում են չերքեզները, Օսմանյան կայսրության վերջին օրերից ի վեր մոտ է եղել Թուրքիայի ուժային կենտրոններին:

Մեծ մասը 19-րդ դարի Կովկասյան պատերազմի ավարտից հետո հյուսիսարևմտյան Կովկասում գաղթի և ցեղասպանության ճանապարհով բնակություն է հաստատել Թուրքիայում: Թուրքիայի ափեր իջնելուց հետո շատ չերքեզներ և այլ հյուսիսկովկասցիներ հայտնվեցին ստրուկների շուկաներում և օսմանյան բանակում: «Ստրկությունը և մեծ մասամբ՝ ստրկության միջոցով՝ ծառայությունը, առանցքային էր, թե ինչպես չերքեզները կկապվեին կայսրության հետ»,- պնդում է Օսմանյան ուշ շրջանի պատմության մասնագետ Ռայան Գինգերասը։

«Օսմանյան վերնախավի հետ պատմական կապերը ճանապարհ հարթեցին Թուրքիայի՝ ազգությամբ չերքեզ քաղաքացիների համար՝ դառնալու հավանաբար, ամենաազդեցիկ և «հանդուրժելի» փոքրամասնությունը Թուրքիայում»,- ասում է Գինգերասը OC Media-ին: Նա ավելացնում է, որ թեև ոմանք քաղաքականապես լուսանցք էին մղվել՝ իրենց մշակութային անկախության համար, շատ ուրիշները հաջողությամբ ինտեգրվեցին թուրքական հանրության «վերին շերտերին»:

Սփյուռքը պատմականորեն բնազդաբար թշնամաբար է տրամադրված եղել ռուսական և խորհրդային ազդեցության նկատմամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հյուսիսային Կովկասում:

Անկարայի Չերքեզական հետազոտությունների կենտրոնի գլխավոր համակարգող Զեյնել Բեսլենեյն ասում է, որ Մոսկվայի ազդեցության հանդեպ այս թշնամանքը Թուրքիայի հյուսիսկովկասյան քաղաքականությունում գրեթե միշտ առկա է ։ Հյուսիսկովկասցիների սփյուռքյան սերունդները մեծանում են՝ գիտակցելով, որ Ռուսաստանն է պատասխանատու չերքեզների ցեղասպանության «աղետի» համար, ասում է Բեսլենեյը։ «Դա նրանց ներհատուկ դիրքորոշում է»,- ասում է նա:

Հյուսիսկովկասյան սփյուռքը Թուրքիայում ներկայացված է մի քանի կազմակերպություններով։ Ամենամեծը Կովկասյան ասոցիացիաների դաշնությունն է (KAFFED)՝ հարթակ կազմակերպություն, որը ղեկավարում է երկրում ավելի քան 56 հյուսիսկովկասյան ասոցիացիա:

KAFFED-ն արմատներ ունի կազմակերպություններում, որոնք առաջին ստեղծվել են դեռ 1950-60-ականներին Ստամբուլում, Անկարայում և Կայսերիում՝ բոլոր այն քաղաքներում, որտեղ ունեն հյուսիսկովկասյան նշանակալի համայնքներ կան: Ըստ Բեսլենեյի, KAFFED-ի հիմքը կազմող կազմակերպություններից շատերը ձախակողմյան էին, մասամբ՝ ձուլման քաղաքականության հանդեպ իրենց թշնամանքի պատճառով:

KAFFED-ի ձախակողմյան, հակաասիմիլիացիոն արմատները պատմականորեն նրանց ստիպում էին երբեմն համակրել Խորհրդային Միությանը, և KAFFED-ը, ընդհանուր առմամբ, ֆունկցիոնալ հարաբերություններ է պահպանել Մոսկվայի և Չերքեզների միջազգային կազմակերպության (ICA) հետ, որը հիմնված է Ռուսաստանի Դաշնությունում:

Թուրքիայի չերքեզ ակտիվիստ և Ստամբուլում գործող կովկասյան «Ջինեպս» (չերքեզերեն՝ «քամու արցունքներ») ամսագրի թղթակից Աքանդա Թաշթեքինը OC Media-ին ասում է` «չերքեզները այս տարածաշրջանում ապրող այլ փոքրամասնությունների նույն ճակատագիրն ունեն»։

«Նրանք բախվում մշակութային ձուլման լուրջ վտանգի առաջ են»,- հավելում է Թաշթեքինը և նշում, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «ինքնաբերաբար ձեզ ընդդիմադիրի կարգավիճակում է դնում Թուրքիայում»: «Նույնիսկ շատ տարրական պահանջ բարձրաձայնելը, ինչպիսին է մայրենի լեզվով կրթության իրավունքը, քեզ արմատական է դարձնում»։

Բեսլենեյը նշում է, որ չնայած թուրքական ազգայնական քաղաքականության դեմ իրենց բացահայտ ընդդիմությանը, սփյուռքի մեծ մասը դեռ հակված է աջակցելու քաղաքական հիմնական կուսակցություններից մեկին: Նա նշում է, սակայն, որ անկախ այն բանից, թե Թուրքիայի քաղաքական ներկապնակի որ հատվածում են նրանք՝ հյուսիսկովկասցիների մեծամասնությունը համակարծիք է, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Չեչնիայի ու Մոսկվայի հարաբերությունների հարցերը առաջնային են համայնքի համար, որոնց շուրջ, սակայն, խորը տարաձայնություններ կան:

Բեսլենեյը պնդում է, որ Թուրքիայում աբխազական և օսական «յուրաքանչյուր» կազմակերպություն հստակ Մոսկվայամետ դիրք է պահպանում, մինչդեռ չեչեններն առավել հակված են համակրելու Կրեմլի իշխանությանն ընդդիմացող իրենց հայրենակիցներին։

Նա ավելացնում է, որ սփյուռքի շատ ներկայացուցիչներ անձնական կարևորություն են տալիս Մոսկվա-Անկարա հարաբերություններին. 1990-ականներին շատ հյուսիսկովկասցիներ հայրենադարձվեցին Հյուսիսային Կովկաս կամ Ռուսաստանից տեղափոխվեցին Թուրքիա ու հակառակը:

Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի ուշ դարձան ավելի թշնամական, երբ 2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի դեմ բողոքի ցույցերի ժամանակ հյուսիսկովկասյան ակտիվությունը հասավ գագաթնակետին: 1860-ականներին Կովկասը նվաճելիս ռուսական կայսերական ուժերի համար չերքեզների և հյուսիսկովկասյան դիմադրության վերջին հենակետը Սոչին էր: Բողոքի ցույցերը թե՛ Թուրքիայում, թե՛ այլ վայրերում պահանջում էին ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և տեղափոխել օլիմպիական խաղերը։

Ցույցերը թափ առան առցանց ակտիվիզմի ուժգնությունից և հանգեցրին «Փոփոխություն» շարժման հիմնադրմանը, կազմակերպություն՝ նվիրված KAFFED-ը ներսից փոխելուն: «Փոփոխություն» շարժումը առաջին պլան մղվեց 2021-ին՝ Ումիթ Դինչերի՝ KAFFED-ի նախագահի պաշտոնում ընտրվելով: Դինչերը ներկայացնում էր հյուսիսկովկասյան ակտիվիստների երիտասարդ սերունդը, որոնք ավելի բացահայտ էին ընդդիմանում Մոսկվային, քան իրենց ավագները, թեև սովորաբար զինված պայքարի մեջ չեն մտնում:

Սակայն, չնայած նշված պաշտոններում բարձր մակարդակի տեղաշարժերին, հյուսիսկովկասյան խմբերի միջև կարծիքների մեծ վիհ կա: Ըստ Բեսլենեյի, գրեթե բոլոր չերքեզները, որոնք այսօր կռվում են Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ՝ ինչպես Հյուսիսային Կովկասից, այնպես էլ սփյուռքից, հարում են քաղաքական իսլամին և հիմնականում կապված չեն սփյուռքի հիմնական որևէ կազմակերպության հետ:

Այդ մարտիկները ևս հայտնվել են ներկայիս և պատմական քաղաքական նախապատվությունների արանքում։ Բեսլենեյի խոսքով՝ Ուկրաինայի հանդեպ նրանց որոշակի համակրանքը բարդանում է նրանով, որ կազակները, որոնցից շատերը էթնիկ ուկրաինացի էին, մասնակցել են չերքեզների ցեղասպանությանը:

Անհասկանալի է և դժվար որոշել, թե ինչն է Թուրքիայի չերքեզներին հետ պահում Ռուսաստանի դեմ առավել միասնական դիրքորոշում որդեգրելուց՝ զգացմունքների այս բարդ խառնո՞ւրդը, թե՞ հենց Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները:

«Բոլոր նրանք, ովքեր թուրք չեն, դաժանության իրենց բաժինն են ստանում»

Թեև ոմանք ենթադրում են, որ Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին տարիներին փոխվել են, Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի ավագ գիտաշխատող Նիկոլաս Դանֆորթը կասկածում է, որ Անկարայի վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ փոխվել է:

«Չեմ կարծում, որ [Էրդողանի վերընտրությունը] արմատական որևէ փոփոխություն է նշանակում թուրք-ռուսական հարաբերություններում»,- ասում է Դանֆորթը:

«Ե՛վ Ուկրաինա ներխուժումից առաջ, և՛ դրանից հետո Անկարան հստակ արտահայտվել է, որ ցանկանում է վարել անկախ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ առավելագույն օգուտները քաղելու Թուրքիայի համար»:

Սակայն Գերմանիայի Կիրառական թուրքական հետազոտությունների միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի (German Institute for International and Security Affairs for Applied Turkey Studies) հետազոտող Սինեմ Ադարը նշում է, որ Արևմուտքին վստահելու Թուրքիայի անկարողությունը դրդել է նրան խորացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ադարը վկայակոչում է Հյուսիսային Սիրիայի քրդական խմբերի հետ ԱՄՆ-ի գործընկերությունը և 2016-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից «համերաշխության բացակայությունը»: Նա նշում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործարար կապերը նույնպես զարգացել են, և երկու երկրները սովորում են համագործակցել Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

Մնում է պարզել, թե սա որտեղ է դնում Թուրքիայի հյուսիսկովկասյան սփյուռքին: Բայց երբ հարցնում են սփյուռքի ապագայի մասին, հետևողական թել է առաջանում՝ մոտալուտ քաոսը: Բեսլենեյի խոսքով՝ վերջին մի քանի տարիների հետաքրքիր զարգացում է այն, որ աճում է Վրաստանի հարցում հյուսիսկովկասյան սփյուռքի պառակտումը։

Թուրքիայում շատ օսեր և աբխազներ հավատարիմ են մնում Ցխինվալի (Ցխինվալ) և Սուխումի (Սուխում) դե ֆակտո իշխանություններին, սակայն սփյուռքի ներսում լարվածությունը մեծ թվով չերքեզների մոտ Վրաստանի նկատմամբ համակրանք է թողել: Այնուամենայնիվ, այս պառակտումը կարող է նույնքան ախտանիշ լինել, որքան պատճառ, երբ խոսքը վերաբերում է ներսփյուռքյան վեճերին:

KAFFED-ի և ավելի լայն՝ չերքեզական սփյուռքի շրջանակներում, նման բաժանումները գնալով ակնհայտ են դառնում: Փոփոխության շարժումը դժվարություններ ունեցավ Դինչերի՝ պաշտոնավարման ժամանակ, որը ձգտում էր իրականացնել սեփական օրակարգը, իսկ KAFFED-ի համեմատաբար պահպանողական գործիչների հին գվարդիան ցանկանում էր վերականգնել նախադինչերյան ստատուս քվոն:

Բեսլենեյը կանխատեսում է, որ նոյեմբերին կայացած KAFFED-ի ընտրություններում հավանաբար կվերադառնա «հին կաբալը», որը, ըստ նրա, ավելի սերտ հարաբերություններ կունենա Ռուսաստանի հետ և ավելի քիչ բաց կլինի ակտիվիստների համար, ինչը կհանգեցնի երիտասարդ ակտիվիստների դժգոհությանն ու հնարավոր տրոհումներին:

Փոխհարաբերությունների և նախապատվությունների նման տեղաշարժերն արագացել են նաև Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմով, որը, բազմաթիվ հայտնի մտավորականների, երաժիշտների և սովորական հյուսիսկովկասցիների ստիպելով փախչել զորակոչից Թուրքիա կամ Վրաստան, խստացրել է կապերը սփյուռքի և Հյուսիսային Կովկասում նրա առաջատար գործիչների միջև։

Նոր կազմակերպությունները, այդ թվում՝ պահպանողական ազգայնական և արևմուտքի աջակցությունը վայելող Միացյալ Չերքեզիայի խորհուրդը, նույնպես ձևավորվել են թուրքական սփյուռքի անդամների և նոր ժամանածների համակցումից:

Այս նոր կապերը և Թբիլիսիի՝ որպես հյուսիսկովկասյան սփյուռքի երկնակամարում գլխավոր հենասյունի հայտնվելը զարգացումներ են, որոնք կարող են երկարաձգել պատերազմը: Հյուսիսային Կովկասի սփյուռքի երիտասարդ ակտիվիստների հետ զրույցից պարզ է դառնում, որ սփյուռքի խոշոր կազմակերպության հնարավոր պառակտման վերաբերյալ Բեսլենեյի մատնանշած մտահոգությունները շատ իրական են: KAFFED-ի 11-րդ ընդհանուր համագումարը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Անկարայում, հաստատում է Բեսլենեյի կանխատեսումները: Համագումարը նշանավորվեց Ունալ Ուլուչայի ընտրությամբ և Փոփոխություն շարժման պաշտոնական ավարտով:

Փոփոխության շարժման թվիթերյան պաշտոնական էջն իր վերջնական հաղորդագրության մեջ նշել է, որ KAFFED-ի «կազմակերպական մոդելը» «սնանկացել է», և որ կազմակերպությունն ընտրել է «փոփոխության փոխարեն անփոփոխությունը»: Կովկասցի մի շարք ակտիվիստներ հայտարարել են, թե ցանկանում են, որ ներկայացուցչական իրենց կազմակերպություններն ավելի հեռուն գնան՝ բացահայտորեն միավորվելով Թուրքիայի ձախ և ազատական ընդդիմադիր ուժերի հետ և ավելի լայն համերաշխություն ունենալով երկրի փոքրամասնությունների հետ:

«KAFFED-ը կարող է դիրքավորվել մասամբ ընդդիմադիր գծի վրա, բայց դա միանշանակ բավարար չէ»,- ասում է Թաշթեքինը և ավելացնում, որ չերքեզները հայտնվում են մի իրավիճակում, որտեղ ինտեգրումը սպառնում է ջնջել նրանց ինքնությունը՝ դառնալով «այս հասարակության ամենաձուլված հատվածներից մեկը»։

«[Հնարավոր չէ] մշակույթը կենդանի պահել [պարզապես] պարի, երաժշտության կամ ուտելիքի միջոցով»,- ասում է Թաշթեքինը: Նա նշում է, որ սփյուռքի ինքնության պաշտպանությունը մոտ ապագայում կարող է դառնալ ավելի հրատապ խնդիր, քանի որ Թուրքիայի կառավարությունը դառնում է «ավելի ավտորիտար և դաժան»։

«Չերքեզները, քրդերը, հայերը, կանայք, երեխաները, ԼԳԲՏԻ+ համայնքը, փախստականները, ներգաղթյալները, որոնք ակնհայտորեն ավելի անապահով են, կամ այսպես ասած՝ գրեթե բոլորը, որոնք թուրք սուննի տղամարդ չեն, իրենց բաժինն են ստանում այս դաժանությունից»,- ասում է Թաշթեքինը։ Թե ինչպես են սփյուռքյան կազմակերպությունները և համայնքները պայքարում այս սպառնալիքի դեմ՝ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում, դեռ պարզ չէ: Ըստ Թաշթեքինի՝ «խնդրահարույց ժամանակաշրջան է սպասվում»։

Մեկնաբանել