Ստալինի սրբապատկերը թբիլիսյան եկեղեցում հակասությունների տեղիք է տվել Վրաստանում

ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի ենթադրյալ պատկերը՝ Սբ Մատրոնա Մոսկվացուն նվիրված սրբապատկերի մաս։ Լուսանկարը՝ Իլիա Չիգլաձե/Ֆեյսբուք։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Թբիլիսիի Սամեբա Սուրբ Երրորդություն տաճարում Սբ Մատրոնա Մոսկվացուն նվիրված սրբապատկերը, որը սրբին պատկերում է Իոսիֆ Ստալինին նման տղամարդու ընկերակցությամբ, հակասություններ է առաջացրել Վրաստանում:

Սամեբայում գտնվող սրբապատկերի կադրերը առաջին անգամ շաբաթ օրը ֆեյսբուքում տարածել է վրացի վարդապետ Իլիա Չիգլաձեն: Այնուհետ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ և «Խորհրդային անցյալի հետազոտական լաբորատորիայի» գիտաշխատող Գիորգի Կանդելակին նկարահանել և սոցցանցերում է տարածել պատկերը։

Սրբապատկերում 20-րդ դարի ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Մատրոնան է՝ Մոսկվայի սուրբը: Անձը, որն ըստ Չիգլաձեի և Կանդելակիի, Վրաստանում ծնված բռնապետ և ԽՍՀՄ առաջնորդն է, երևում է Մատրոնայի կենտրոնական սրբապատկերի շուրջ փոքր պատկերներից մեկում:

Շաբաթ օրը «Տաբուլային» տված հարցազրույցում Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջագմաիձեն չի հերքել, որ սրբապատկերում պատկերված է Ստալինը, սակայն նշել է, որ սրբապատկերը նվիրված է Մատրոնային, այլ ոչ թե խորհրդային առաջնորդին:

«Եթե Սուրբ Գեորգիի որմնանկարի վրա ինչ-որ տեղ պատկերված է [Հռոմեական կայսր] Դիոկղետիանոսը, դրանից այն չի դառնում Դիոկղետիանոսի սրբապատկերը»,- ասել է նա՝ հավելելով, որ Մատրոնայի սրբապատկերի շուրջ վեճը կոչված էր ստվերելու հունվարի 7-ի ուղղափառների տոնը՝ Սուրբ ծնունդը։

Հաջորդ օրը պահպանողական «Հայրենասերների դաշինք» կուսակցության նախագահ Դավիթ Թարխան-Մուրավին հայտարարեց, որ ինքն է սրբապատկերը նվիրել տաճարին։ Նա ասաց, որ Ստալինը Մատրոնայի մոտ է գնացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ խորհուրդ հարցնելու:

Թարխան-Մուրավին իր հայտարարության մեջ մեջբերել է Մատրոնայի պաշտոնական կենսագրին, սակայն Վրաստանի Սուրբ Պողոս ուղղափառ քրիստոնեական աստվածաբանության կենտրոնը հայտարարել է, որ պատմական որևէ այլ աղբյուր չի հաստատում Ստալինի և Մատրոնայի հանդիպումը:

Սուրբ Երրորդություն տաճարի վարդապետ Իոանե Մչեդլիշվիլին կիրակի հայտարարել է, որ սրբապատկերը «մի քանի ամիս» է, ինչ տաճարում է։

Նույն օրը աստվածաբան Գոչա Բարնովը «Մտավարի Արխի» հեռուստաալիքին ասել է, որ սրբապատկերի ներկայությունը տաճարում «սրբապղծություն» է, և որ այն պետք է անհապաղ հեռացվի։

2021-ին Նիդեռլանդների Բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի պատվիրակած «13 առասպելներ Ստալինի մասին» հրապարակման մեջ Բազմակուսակցական ժողովրդավարության արևելաեվրոպական կենտրոնը պարզել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգը ակտիվ փորձում է Ստալինին որպես «կրոնավոր» պատկերել՝ չնայած Ստալինի իշխանության օրոք խորհրդային իշխանությունների կողմից հավատացյալների զանգվածային ձերբակալություններին և եկեղեցիների ու կրոնական այլ շինությունների քանդմանը։

Մեկնաբանել