Համաշխարհային բանկը 2024-ին կանխատեսում է գլոբալ տնտեսության հակառեկորդ

Համաշխարհային տնտեսության աճն այս տասնամյակի առաջին կեսում կարող է ամենաթույլը լինել վերջին 30 տարիների ընթացքում: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» վերջին զեկույցում, որում նաև նշվում է, որ այս միտումը կոտրել կարող են ներդրումների խթանմանն ու հարկաբյուջետային քաղաքականության ուժեղացմանն ուղղված բարեփոխումները:

Թեև այս տասնամյակը պետք է դառնար շրջադարձային զարգացման իմաստով, սակայն համաձայն ՀԲ-ի կանխատեսման, համաշխարհային տնտեսությունը հակառեկորդ կսահմանի մինչև 2024-ի տարեվերջ․ համաշխարհային ՀՆԱ-ի աճն այս տասնամյակի առաջին կիսամյակում կլինի ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում։

«Մի կողմից՝ համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակն այժմ ավելի լավ է, քան մեկ տարի առաջ․ համաշխարհային ռեցեսիայի ռիսկի նվազմամբ պայմանավորված՝ հիմնականում ԱՄՆ-ի տնտեսության կայունության շնորհիվ։ Սակայն աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը կարող է մոտ ապագայում նոր սպառնալիքներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար»,- նշում են զեկույցի հեղինակները` հավելելով, որ կանխատեսումները միջնաժամկետ հեռանկարում վատթարացել են նաև զարգացող տնտեսություններ ունեցող շատ երկրների համար:

Պատճառը խոշոր տնտեսությունների մեծ մասի դեպքում աճի դանդաղման, համաշխարհային առևտրի լճացման և վերջին տասնամյակների ընթացքում վարկավորման պայմանների խստացման միտումներն են:

Կանխատեսումների համաձայն 2024-ին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կշարունակեն դանդաղել երրորդ տարին անընդմեջ՝ նախորդ տարվա 2,6%-ից իջնելով մինչև 2,4%, ինչը գրեթե երեք քառորդ տոկոսային կետով ցածր է 2010-ականների միջինից:

«Կանխատեսումների համաձայն զարգացող տնտեսություններում տնտեսական աճը կկազմի ընդամենը 3,9%, որն ավելի քան մեկ տոկոսային կետով ցածր է նախորդ տասնամյակի միջին ցուցանիշից: Ակնկալվում է, որ ցածր եկամուտ ունեցող տնտեսությունները, որոնք անցյալ տարի հիասթափեցնող ցուցանիշներ են ունեցել, կաճեն 5,5 տոկոսով (նախորդ կանխատեսումներից ցածր): Մինչև 2024-ի տարեվերջ զարգացող յուրաքանչյուր չորս երկրներից գրեթե մեկի բնակչությունը և ցածր եկամուտ ունեցող երկրների մոտավորապես 40%-ը կշարունակեն ավելի աղքատ լինել, քան նախքան 2019-ի COVID-ի համավարակը»,- նշվում է զեկույցում։

Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում աճն այս տարի կդանդաղի մինչև 1,2 տոկոս՝ 2023-ի 1,5 տոկոսի համեմատ։

«Կուրսը լրջորեն չճշգրտելու դեպքում 2020-ականները պատմության մեջ կմնան որպես բաց թողնված հնարավորությունների տասնամյակ»,- նշել է Համաշխարհային բանկի խմբի գլխավոր տնտեսագետ և ավագ փոխնախագահ Ինդերմիթ Գիլը։

«Կարճաժամկետ հեռանկարում տնտեսական աճի տեմպը ցածր կմնա, և շատ զարգացող երկրներ՝ հատկապես ամենաաղքատները, թակարդում կհայտնվեն․ պարտքի բարձր մակարդակը կխոչընդոտի զարգացմանը, իսկ պարենային անապահովության խնդիրը ծառացած կլինի գրեթե երեքից մեկ բնակչի առջև: Սա կարող է խոչընդոտել առաջընթացին և բազմաթիվ գլոբալ առաջնահերթ խնդիրների լուծմանը: Այնուամենայնիվ, դեռևս հնարավոր է շրջել այս միտումը: Այս զեկույցն առաջարկում է գործողությունների հստակ ուղղությունը և ցույց է տալիս վերափոխումերը, որոնց կարելի է հասնել, եթե կառավարություններն անհապաղ միջոցներ նախաձեռնեն՝ ներդրումները խթանելու և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներն ամրապնդելու ուղղությամբ»,- նշում է նա:

Զեկույցը ներկայացնում է կայուն ներդրումային վերելք (բում) ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների առաջին գլոբալ վերլուծությունը՝ հիմնվելով վերջին 70 տարվա ընթացքում 35 զարգացած և 69 զարգացող տնտեսությունների տվյալների վրա:

«Ներդրումային բումերը կարող են փոխակերպել զարգացող տնտեսությունները, օգնելով նրանց արագացնել իրենց էներգետիկ անցումը և լուծել զարգացման մարտահրավերների լայն շրջանակ»,- ասել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետի տեղակալ և նախատեսության խմբի տնօրեն Այհան Քոսեն:

«Նման բում առաջացնելու համար զարգացող տնտեսությունները պետք է իրականացնեն համապարփակ միջոցառումների փաթեթներ՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, անդրսահմանային առևտուրը և ֆինանսական հոսքերն ընդլայնելու, ներդրումային միջավայրը և հաստատությունների որակը բարելավելու նպատակով: Սա բարդ աշխատանք է, սակայն զարգացող տնտեսություն ունեցող շատ երկրներ սա արդեն իսկ արել են անցյալում։ Այս աշխատանքը կրկին կատարելու դեպքում սա կօգնի մեղմել պոտենցիալ տնտեսական աճի կանխատեսվող դանդաղումը այս տասնամյակի երկրորդ կեսին»,- նշել է Քոսեն:

Մեկնաբանել