Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց ենք տեսնում․ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական վերջին առաջարկներում որոշ հոդվածներով հայկական կողմը որոշակի հետընթաց է տեսնում։ Այդ մասին հունվարի 10-ին Երևանում Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղություններով»,- ասաց նա։

Ավելի վաղ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան՝ վերլուծելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերի վերջին առաջարկները, հայտարարել էր․ «Եվ դրականը կա, և բնականաբար որոշ հարցեր կան, որոնց դեպքում առաջընթաց չի գրանցվել։ Կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»։

Միրզոյանը նկատում է, որ չնայած տևական ժամանակ է ադրբեջանական կողմը հրաժարվում է մասնակցել հանդիպումներին, այնուամենայնիվ, այդ ընթացքում կառուցողական քայլեր է արել․ փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև գերիների փոխանակում է տեղի ունեցել։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, սակայն, կարևոր է համարում ոչ թե այս կամ այն կետի շուրջ հետընթաց կամ առաջընթաց գրանցելը, այլ հայտնի սկզբունքների հիման վրա վերջնական խաղաղության կնքումը։ Նրա խոսքով՝ երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց այլևայլությունների։

Ադրբեջանական կողմը խոսում է սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրից առանձնացնելու մասին։ Միրզոյան նշում է, որ օբյեկտիվորեն սահամանազատման գործընթացը երկար կարող է տևել, բայց «խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթացը»։

Վերը նշված երկու հարցերում, Միրզոյանի խոսքով՝ «ՀՀ-ն չի կարող թույլ տալ որևէ անորոշություն», քանի որ անորոշությունները մեծ հիմք են հետագա ագրեսիաների համար։

Հաջորդ հարցը, ըստ արտգործնախարարի՝ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցություններ իրականացնելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, Միրզոյանը նշեց․ «Մեր բանակցությունները, ըստ էության, միշտ էլ ուղիղ են եղել։ Մենք հանդիպել ենք տարբեր մայրաքաղաքներում, եղել են կողմեր, որոնք կազմակերպել են այդ հանդիպումները, բայց բանակցությունները միշտ էլ եղել են երկկողմ։ Մենք շահագրգռված են բանակցությունների շարունակման հարցում, և ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավոր կլինի ունենալ [հանդիպմանը մասնակցելու] ադրբեջանական կողմի համաձայնությունը»։

Դեկտեմբերի 25-ին հայկական կողմը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները, իսկ հունվարի 4-ին՝ պատասխանել դրանց։

Մեկնաբանել