Միջանցք, խաղաղություն, ընտրություններ․ կարևորը՝ Ալիևի հարցազրույցից

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ազգային հեռուստաալիքներին, անդրադարձել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պատճառներին, միջազգային դերակատարների հետ շփումներին։ Ալիևի հարցազրույցի կարևորագույն կետերը թարգմանաբար ներկայացված են ստորև։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասին

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումը իրենց պայմաններով Ալիևը համարում է «Բաքվի մեծ քաղաքական հաջողությունը»։

Ըստ Ադրբեջանի ղեկաբարի՝ եթե Շուշին չանցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, իրենք չէին կարողանա ներառել այդ պայմանները հայտարարությունում։

«Այսինքն, մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, թույլ է տվել մեզ ներառել անգամ այն պայմանները, որոնք չէին վերաբերում այդ հարցին, մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի հետ կապված», – ասել է Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքի» մասին

«Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան – խմբ․) անցնող ճանապարհին քաղաքացիներն ու տրանսպորտային միջոցները որևէ ստուգում չպետք է անցնեն։ Հակառակ պարագայում Հայաստանը ընդմիշտ կհայտնվի փակուղային իրավիճակում, և եթե Հայաստանը տվյալ ճանապարհը չբացի, ապա մենք մտադիր չենք որևէ տեղ Հայաստանի հետ սահման բացել։ Դրանով նրանց ավելի մեծ վնաս կլինի, քան օգուտ»,- հայտարարել է նա։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը հայկական կողմից մաքսային գործընթացին համաձայն է միայն այն դեպքում, եթե բեռը Հայաստանի տարածքով տեղափոխվում է դեպի երրորդ երկիր։

Ալիևը խնդրահարույց է համարել նաև ճանապարհի անվտանգության հարցում հայկական կողմի երաշխիքների տրամադրումը․ «Դրանք մեզ համար բավարար չեն։ Ըստ 2020-ի եռակողմ հայտարարության՝ 42-43 կմ ճանապարհի անվտանգությունը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Իսկ Հայաստանը ցանկանում է դրանից փախնել»,- ասել է Ալիևը՝ Նախիջևանի հետ կապի ամենահարմար տարբերակը համարելով Մեղրիով անցնելիք ճանապարհը։

Նա անդրադարձել է նաև հայկական «խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ այն անվանելով որպես «փիար ակցիա»։

Հեռախոսազրույցներ Պուտինի և Էրդողանի հետ

Ադրբեջանի նախագահը պատմել է նաև իր պաշտոնակիցների հետ շփումների մասին 2020-ի պատերազմի ընթացքում։ Նրա խոսքով՝ ամենահաճախն ինքը խոսել է Էրդողանի ու Պուտինի հետ, թեև փորձել է որևէ մեկին չանհանգստացնել։ Ըստ Ալիևի՝ Պուտինը մի քանի անգամ փորձել է կանգնեցնել պատերազմը։

Միևնույն ժամանակ, եթե այսօր երկրի առաջ որևէ լուրջ խնդիր ծագի, ինքը առաջին հերթին կզանգահարի «իր եղբայր Էրդողանին»։

«Խաղաղության պայմանագրի կնքումը չպետք է կապված լինի սահմանազատման հետ»

Ալիևը հայտնել է, որ մինչև հունվարի վերջ պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստ։ «Քննարկվելու է մեկ թեմա՝ Ղազախ-Թովուզի (Տավուշի – խմբ․) տարածաշրջանի դելիմիտացիայի հարցը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ադրբեջանական ութ գյուղերի հարցը մշտապես օրակարգում է: Ալիևը տեղեկացրել է, որ այս հարցը քննարկվել է Հայաստանի վարչապետի հետ շփումների ընթացքում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը, ըստ Ալիևի, չպետք է կապված լինի սահմանազատման խնդրի հետ, բայց փաստաթղթում կարող է սահմանազատման մասին որևէ կետ ներառվել։

«Վրաստանի հետ սահմանազատման գործընթացն ավարտվել է միայն 70 տոկոսով, Ռուսաստանի հետ գործընթացը ձգվել է 20 տարի։ Կարծում ենք, որ նախ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր, որքան հնարավոր է արագ, իսկ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, գյուղերը պետք է վերադարձվեն, անկլավների հարցը կարող է լուծվել հանձնաժողովների աշխատանքի արդյունքում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Սահմանից զորքերի հետքաշման մասին

Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը մտադիր չէ զորքերը «հայելային» ձևով հետ քաշել Հայաստանի հետ սահմանից:

Նա ասել է, որ մի քանի երկրների նախագահներ զորքերը հետ քաշելու խնդրանքով դիմել են իրեն․ «Ես հարցրեցի՝ ո՞ւր տանել [զորքերը], ինձ ասացին՝ որտեղից եկել են։ Ես ասում եմ, որ մենք Բաքվից ենք եկել, Բաքու վերադառնա՞նք։ Մենք այդ տարածքներում չենք եղել 30 տարի։ Եթե այդ տարածքները սահման լինեին, և Հայաստանն այն ճանաչեր որպես սահման, ապա կնշեր դրա մասին։ Բայց Հայաստանն էլ այն սահման չէր համարում։ Նրանք համարում էին, որ իրենց սահմանը գտնվում է Աղդամում։ Իմ հարցին այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց»։

Ալիևը նշել է, որ ադրբեջանական զորքերը չեն հեռանա 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից․ «Սահմանը պետք է որոշվի»։

Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պատճառների մասին

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, ըստ Ալիևի, պայմանավորված է Լեռնային Ղարաբայղի վրա ադրբեջանական վերահսկողության հաստատումից հետո «հանրապետության ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնման հետ»:

Ալիևն ասել է, որ նախագահական ընտրությունները պետք է նշանավորեն նոր ժամանակաշրջանի սկիզբը։ «Քանի որ նախագահական ընտրությունները բոլոր ընտրություններից ամենակարևորն են, ես համարեցի, որ առաջին ընտրությունները, որոնք տեղի կունենան ամբողջ երկրում, պետք է լինեն նախագահական»,- ընդգծել է Ալիևը։

Մեկ այլ պատճառ, որը նա նշեց, այն էր, որ անցած հոկտեմբերին լրացավ նախագահի պաշտոնում իր 20-ամյակը:

«Եվ սա նաև որոշակի ժամանակաշրջան է, և մենք պետք է դա ընդունենք որպես որոշակի արդյունք: 20 տարի անց նախագահական ընտրությունների անցկացումը, բնականաբար, կամփոփի այս ժամանակաշրջանը», – պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:

Ֆրանսիայի և մյուսների մասին

Հայաստանին զինելու փորձերը նպատակ ունեն մեզ պահել մշտական ճնշման տակ, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարը ասել է, որ այս ամենի նպատակն է թույլ չտալ «մեզ հանգիստ ապրել նաև ապագայում, և, ցավոք, Ֆրանսիան այստեղ էլ է առաջին պլանում»:

«Ֆրանսիան այն երկիրն է, որն այսօր զինում է Հայաստանին, հուսադրում նրան, կրթում նրա զինծառայողներին և նախապատրաստում նրանց հերթական պատերազմին։ Այդ պատճառով, երբ ես ասացի, որ Ֆրանսիայի քաղաքականությունը նպաստում է Կովկասում լարվածության սրմանը, ես հենց դա նկատի ունեի», – ընդգծել է Ալիևը և սպառնացել Ֆրանսիայի հակընդդեմ քայլերով:

«Մենք կնպաստենք ֆրանսիական նեոգաղութատիրության բացահայտմանը և ֆրանսիական գաղութատիրական լծից ֆրանսիական գաղութների ազատագրման գործընթացին», – հավելել է Ալիևը:

Մեկնաբանել