Որքա՞ն գումար են նախկինում վճարել ծառայությունից խուսափած քաղաքացիները. Հայկ Սարգսյանի պնդման հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պնդել է, թե իր հեղինակած օրենքով՝ ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք քրեական հետապնդումից ազատվելու համար կվճարեն 15 մլն դրամ, այնինչ նախկին իշխանությունների ժամանակ վճարը կազմել է ընդամենը 100 հազար դրամ։

«Եթե [քաղաքացին՝ խմբ.] չցանկանա կամ չկարողանա ծառայել, նա ստիպված կլինի վճարել 15 մլն դրամ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004-ին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին գործած օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից»,- ասել է Սարգսյանը։

Այնուհետև Սարգսյանը շարունակել է. «Ձեր ժամանակ մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 մլն դրամ կամ 15 անգամ ավելի»։


Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է պատգամավորի այս պնդումը։

Օրենքը գործել է ոչ միայն նախկին, այլև նոր իշխանությունների օրոք

Ծառայությունից խուսափած (կամ արտերկրում գտնվող) և 27 տարին լրացած անձանց համար քրեական պատասխանատվությունից խուսափելու առաջին օրենսդրական նախագիծը մշակվել է դեռ 2001-ին և ուժի մեջ մտել 2004-ին։

Օրենքը վերաբերում էր 1992-ից մինչև 2004-ը ծառայությունից խուսափած անձանց։ Այդ ժամանակվանից սկսած գրեթե ամեն տարի այս օրենքում փոփոխություններ են արվել, ու ժամկետը երկարացվել է։

Օրենքի վերջին «թարմացումը» Ազգային ժողով բերվել էր 2019-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կողմից և ընդունվել նաև «Իմ քայլը» խմբակցության ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Օրենքն ուժը կորցրել է միայն 2019-ի դեկտեմբերի 31-ին։

Արդեն 2021-ին օրենսդրական փոփոխությունների միջոցով կառավարությունը համաներում հայտարարեց մինչև 2020-ի պատերազմը ծառայությունից խուսափած անձանձ նկատմամբ, որը վերաբերում էր նաև այն անձանց, որոնք մինչև 2021-ի տարեվերջ կներկայանան իրավապահ մարմիններ։

Ստացվում է՝ օրենքը գործել է 1992-ից զորակոչից մինչև 2021-ի զորակոչ և պարբերաբար «երկարացվել» ոչ միայն «նախկինների», այլև նոր իշխանությունների կողմից։

Պատգամավորը մոլորեցնում է. նախկինում չծառայածները չեն վճարել 100 հազար դրամ

ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ նախկին իշխանությունների օրոք մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարել է ընդամենը 100 000 դրամ, իսկ իր նախագծով կվճարի 15 անգամ ավելի՝ 15 մլն դրամ։ Այս պնդումը մոլորեցնող է։

Բանն այն է, որ 2004-ից գործած օրենքում սահմանվում էր, որ 27 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են ազատվել քրեական պատասխանատվությունից, պետք է վճարեն յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար 100 հազար դրամ։

Հայաստանում մշտապես տարեկան երկու զորակոչ է գործել։ Այսինքն 18 տարեկանից սկսած ժամկետային ծառայությունից խուսափած անձը 27 տարին լրանալուն պես խուսափել է 18 զորակոչից և պետք է վճարեր 1 մլն 800 հազար դրամ։

2017-ի դեկտեմբերին օրենսդրական փոփոխությամբ չծառայելու համար քրեական հետապնդումից խուսափելու գինը երկու անգամ բարձրացվեց, և ամեն զորակոչի համար պետք է վճարվեր 200 հազ դրամ։ Այսինքն՝ 9 տարի շարունակ զորակոչերից խուսափելու համար վճարը կազմում էր 3 մլն 600 հազար դրամ։ Այս հարցը պարզաբանել էր նաև նախկին պատգամավոր Գորգիսյանը ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում։

Տես՝ ԱԺ-ն ընդունեց բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը