ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի օրակարգում է. փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝, 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները»,- ասել է Կոստանյանը:

Փոխնախարարը նշել է, որ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի այդ առաքելության այցը տեղի ունենա: