ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա․ Ռուսաստանի ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:

Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023-ի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա: Այդ աշխատանքներին, ըստ նրա՝ մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«Փաստաթղթերը, որոնք ընդունվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նիստում, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ ուսումնասիրվում են Երևանի կողմից: Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ հայկական կողմը համաձայնություն է տվել, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չկա»,- ասել է Վասիլևը։

Անրադառնալով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու հարցին՝ դեսպանը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, «թեև այն արվել է ճնշման տակ»:

«Այս իրավիճակը ինչպես արևմտյան երկրների ճնշման, այնպես էլ Հայաստանի ղեկավարության և բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- ասել է նա:

Վասիլևը հույս է հայտնել, որ «բանականությունը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին»։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։