Անձնագրայինները վեցօրյա ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին՝ արցախցիներին սպասարկելու համար

Անձնագրային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Գերատեսչությունը նշում է, որ թեև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք Երևանի անձնագրային ծառայություններում սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, կուտակումների պատճառով հերթերը վերահսկելու դժվարություններ կան։

«ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց ՀՀ-ում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնական, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք․Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում փետրվար ամսվա շաբաթ օրերը՝ փետրվարի 3-ը, 10-ը, 17-ը և 24-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ: