Փաշինյանը Սահմանադրությունը համեմատեց կարմիր շորի հետ, որը տեսնում են ցուլերը

«Սահմանադրական հանրաքվեն այն պահն է, երբ ժողովուրդը ոչ պետական ժողովրդից կվերածվի պետական ժողովրդի»։ Հանրային ռադիոյին տված հարցազույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր սահմանադրության հանրաքվեի անհրաժեշտությունը ժողովրդի ու պետության մեջ առկա «գենետիկ ճեղքը լրացնելն է»։

Լրագրողի հարցին, թե արդյոք նոր սահմանադրությամբ նոր՝ չորրորդ հանրապետություն կարո՞ղ է հռչակվել, Փաշինյանն արձագանքեց՝ դա տարբերակներից մեկն է։

Անդրադառնալով պնդմանը, որ Հայաստանի իշխանությունները սահմանդրական փոփոխություններ նախաձեռնում են Ադրբեջանի պարտադրանքով, Փաշինյանը պատասխանեց այլաբանությամբ. «Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ։ Կոպիտ օրինակ բերեմ՝ պատկերացրեք երկուսով քայլում ենք մի ճանապարհով, պիտի Ա կետից հասնենք Բ կետը։ Ճանապարհով քայլում ենք ու տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլեր են կանգնած ու տեսնում ենք, որ կարմիր զգեստներով ենք երկուսս էլ՝ ոտքից գլուխ։ Ընդ որում, իմ կարմիր հագուստը ինձ համար գործել է իմ տատիկը, այդ շորը թալիսմանի նշանակություն ունի ինձ համար։ Այդ ճամփորդության մեջ այդ կարմիր զգեստը ջերմացնում է, բայց մենք պիտի քայլենք այդ ճանապարհով։ Մենք պետք է որոշում կայացնենք՝ կարո՞ղ է ինձ համար այնքան թանկ լինել այդ կարմիր շորը, որ շարունակեմ քայլել։ Կամ կարմիր շորը պետք է փոխենք, հանենք, փաթեթավորենք որպես մասունք, իրեն ընկալենք որպես անցյալի մի մաս ու զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան որտեղ պատաստվում ենք գործել։ Կարմիր զգեստով քայլելու տարբերակում ես երաշխավորում եմ, որ մենք չենք կարող անցնել այդ ճանապարհը, բայց չեմ կարող նաև երաշխավորել, որ առանց կարմիր զգեստի կանցնենք այդ ճանապարհը»,- ներկայացրեց Փաշինյանը։

Վարչապետը անդրադարձավ նաև Անկախության հռչակագրին, ասաց՝ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները հռչակագրի հետ։

«Եթե մենք հռչակում ենք, որ տնտեսությունն աճում է, բանակը կուժեղացնենք ու գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները, սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար։ Որովհետև մենք հռչակել ենք, որ իրենց հետ թեմա ունենք»,- հայտարարեց նա՝ մանրամասնելով, որ հռչակագրի փոփոխությամբ ՀՀ-ն կդյուրացնի նաև զենքի ձեռքբերումն ու տեղափոխումը ՀՀ։