Ադրբեջանական AbzasMedia-ն կշարունակի գործել՝ չնայած ղեկավար կազմի բանտարկությանը

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանական AbzasMedia բազմաչարչար լրատվական կայքը կշարունակի գործել արտերկրից՝ չնայած նրա ողջ ղեկավար կազմի և մի քանի լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից բանտարկությանը:

Հինգշաբթի AbzasMedia-ի գլխավոր խմբագիր է նշանակվել ադրբեջանցի վետերան լրագրող Լեյլա Մուստաֆաևան։ Այս քայլը, ամենայն հավանականությամբ, հավանության է արժանացել կայքի հիմնադիրների կողմից:

«Կառավարությունը սպառել է AbzasMedia-ի ռեսուրսները՝ ձերբակալելով [կայքի] աշխատակիցներին, և դրա հետևանքով առաջացած բռնաճնշումների միջավայրը անհնարին է դարձնում գործունեությունը Ադրբեջանում»,- ասվում է կայքի հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ խմբագրական նոր թիմը «սփռված կլինի Եվրոպայի տարբեր երկրներում»:

Լեյլա Մուստաֆաևան հետաքննող լրագրող է, որն այժմ Գերմանիայում է: Մուստաֆաևան լայնորեն հայտնի դարձավ ամուսնու՝ լրագրող Աֆղան Մուխթարլիի բանտարկության հետ կապված իր լրագրողական գործունեությամբ։ Մուստաֆաևան առաջիններից մեկը հայտնեց, որ Վրաստանի կառավարությունը մեղսակից է Մուխթարլիի՝ Ադրբեջանի կառավարության հրամանով Թբիլիսիից առևանգմանը և ձերբակալմանը, ինչը հետագայում հաստատելց Վրաստանի անվտանգության նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա:

Մուստաֆաևան նաև հիմնել է Fakt Yoxla լրատվամիջոցների մոնիտորինգային նախագիծը:

Հայտարարությունում AbzasMedia-ն նաև շնորհակալություն է հայտնել աջակիցներին։

«Շնորհակալություն այս դժվարին պահերին ձեր ըմբռնման և աջակցության համար։ AbzasMedia-ն հավատարիմ է մնալու ճշգրիտ և անկողմնակալ լուրեր հաղորդելուն՝ պահպանելով լրագրության սկզբունքները նույնիսկ ներկա պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր խմբագիր նշանակվելուց հետո ֆեյսբուքյան իր գրառմամբ Մուստաֆաևան խոստացել է ապացուցել իրենց գործի արդարացիությունը։

Մուստաֆաևան հավելել է, որ ֆրանսիական ForbiddenStories-ի գլխավորությամբ՝ միջազգային մի շարք առաջատար լրատվական գործակալություններ՝ France 24, The Guardian, Le Monde, OCCRP, Der Standard և այլն, համաձայնել են աջակցել, որ AbzasMedia-ի շարունակի աշխատանքը։

Նոյեմբերի վերջին Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել էր AbzasMedia-ի հինգ աշխատակիցների և նրանց մեղադրել մաքսանենգ ճանապարհով արտարժույթ բերելու մեջ: Նրանց թվում էին տնօրեն և հիմնադիր Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքիզին, փոխտնօրեն Մահամմադ Կակալովը և լրագրողներ Հաֆիզ Բաբալին ու Նարգիզ Աբսալամովան:

Ավելի ուշ, AbzasMedia-ին հարցազրույց տալուց հետո, թմրանյութերի մեղադրանքով ձերբակալվել էր նախկին ոստիկան, մարդու իրավունքների պաշտպան Իլհամիզ Գուլիևը։

Ադրբեջանի իշխանությունները այնուհետև ձերբակալել էին մի քանի բլոգերների: