Տրանսպորտի թանկացումը տրամաբանական է՝ հաշվի առնելով աշխատավարձի աճը․ փոխքաղաքապետ

Հաշվի առնելով այսքան տարիների ընթացքում աշխատավարձի աճը՝ քաղաքապետարանի առաջարկած տրանսպորտի ուղեվարձի թանկացումը տրամաբանական է։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխաքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Եթե դուք նայեք աշխատավարձի միջին աճը այսքան տարվա ընթացքում, մինչդեռ տրանսպորտի գինը 100 դրամ է մնացել, տրամաբանական է թանկացումը։ Երբ որ անընդհատ որակյալ տրանսպորտ ենք պահանջում, դա գին ունի։ Մենք ասում ենք՝ թանկացնենք, որ առկա համակարգը կարողանանք պահել»,- ասաց Գրիգորյանը։

Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստում քննարկելու է ավտոբուսային փոխադրումների ուղեվարձը թանկացնելու հարցը։ Քաղաքային իշխանությունները Երևանում տրանսպորտից օգտվելու համար առաջարկում են 17 սակագնային փաթեթ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Փոխքաղաքապետի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024-ի սեպտեմբերի 1-ից, երբ Երևան բերված կլինեն 171 նոր ավտոբուսները։ Սուրեն Գրիգորյանը չի խոստանում, որ նոր ավտոբուսներից հետո ամբողջությամբ կլուծվի տրանսպորտի խնդիրը, բայց իրավիճակը էականորեն կբարելավվի՝ կկրճատվեն տրանսպորտի ժամանման ինտերվալները։

Սուրեն Գրիգորյանը չկարողացավ հստակ ասել, թե միջինում որքան է թանկանալու տրանսպորտը։ Տարբեր ուղևորությունների համար տարբեր ուղևորավարձ է սահմանված։ Օրինակ, 30 օրում 60 ուղևորության համար քաղաքացին մեկ ուղևորության դիմաց կվճարի 180 դրամ, իսկ 90 օրում 180 ուղևորության համար՝ 140 դրամ։ Հատուկ սակագներ են գործելու նաև խոցելի խմբերի համար։

«Այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Բացի ուղևորի վճարից, համայնքային բյուջեից միևնույն է պետք է սուբսիդավորվի ուղևորությունը, որպեսզի ինքնարժեքը ծածկվի։ Ինքնարժեքը հիմա շատ համեստ հաշվարկներով 200-220 դրամ է։ Հիմա այսօր այդ 200 դրամը վճարվում է նորից, ուղղակի 100 դրամ վճարում է ուղևորը, 100 դրամը՝ բյուջեն, որը նորից ձևավորվում է քաղաքացու վճարումներից»,- նշեց նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ համակարգը, որը նախատեսվում է ներդնել այս տարվա սեպտեմբերին, վերաբերելու է ոչ միայն ավտոբուսներին, այլ բոլոր տիպի տրանսպորտներին՝ նաև տրոլեյբուսներին և մետրոյին։ Նրա տեղեկացմամբ՝ ուղևորները նոր համակարգից կարողանալու են օգտվել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ ֆիզիկական կրիչների միջոցով։