Հրդեհի հետևանքով պահեստազորայինի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հոդվածով․ ՔԿ

քննչական կոմիտե քկ

Հրդեհի հետևանքով պահեստազորայինի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Ռազմական ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին»,- ասված է հաղորդագրությունում։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը):

Ավելի վաղ հրդեհի հետևանքով պահեստազորայինի մահվան մասին հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։