Մոսկվան Երևանին կոչ է անում ՀԱՊԿ-ում իրավիճակի շուրջ քննարկում սկսել՝ հրապարակային քննադատության փոխարեն

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային քննադատության փոխարեն քննարկում սկսել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ։ Այդ մասին փետրվարի 8-ին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը կազմակերպությունում նորմալ և լիարժեք աշխատանքին։ Ցավոք, մեր հայ դաշնակիցները դեռ հեռու են իրենց պահում»,- նշել է Պանկինը։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։