ՀՀ Ազգային անտվանգության ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով:
Վարդան Օսկանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ ու պատասխանել հարցերին: Նախկին արտգործնախարարի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշել է, որ այս պահի դրությամբ խափանման միջոց չի ընտրվել, և Օսկանյանի տեղաշարժվելու և գործունեության իրավունքի որեւէ սահմանափակում չի կատարվել:
ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: Վարդան Օսկանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, պարբերաբար հրաժարվել էր ցուցմունք տալ: Գլխավոր դատախազի միջնորդագրով Ազգային ժողովը Օսկանյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար: