Գագիկ Գինոսյան․ հազարավոր մարդկանց ուսուցիչն ու հայկական պարը բեմից իջեցնողը

Դժվար է ոչ խիստ զգացմունքային տեքստ գրել ընկերոջ, մտերիմ մարդու մասին, որին օրեր առաջ ես հրաժեշտ տվել։ Գիտեի, որ Գագիկ Գինոսյանին մեր ժողովուրդը սիրում է, գնահատում, բայց որ այդ սերը, համակրանքն ու ակնածանքն այդքան ընդգրկուն է, շատերի համար էր անսպասելի։ Խոստովանեմ՝ նաև ինձ համար։ Նրա մահը անփոխարինելի կորստի անկեղծ, անսեթևեթ ցավով էր համակել անհաշիվ մարդկանց։ Գրածս փորձ է հասկանալու նրա գործի նշանակությունն ու կարևորությունը։

Բայց մինչ այդ ասեմ, որ համատարած հայհոյանքի, միմյանց սևացնելու, որևէ հեղինակություն չթողնելու մեր տխուր ժամանակների մոլուցքի մեջ նրա վրա ցեխ շպրտող չեղավ։

Ինչո՞ւ։ Ճկո՞ւն էր ու հարմարվո՞ղ։ Ամենևին։ Երբեք չեղավ սիրելի որևէ իշխանության համար, բայց և երբեք իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում քննադատությունից հայհոյանքի չանցավ։ Նա կարիքը չուներ իշխանության կողմից սիրված լինելու, որովհետև ժողովդրի սերն էր վայելում։ Նա էր իսկական ժողովրդական արտիստը։ Նա այն քչերից կամ եզակիներից էր, որ կարողացավ անկողմնակալ, անաչառ մնալ բոլոր հանգամանքներում։ Տրտմել էր, որ Առաջին արցախյան պատերազմի ընթացքում իր խփած տանկ-հուշարձանը որպես մետաղի ջարդոն պարսիկներին էին վաճառել, գիտեր նույնիսկ, թե որ իշխանավորի ձեռքով կամ գրպանի համար է դա արվել, բայց չհայհոյեց։ Նրա սկզբունքները, համոզմունքները խորը հակասության մեջ էին ներկա իշխանության գաղափարական կողմնորոշումների հետ։ Խոսում էր այդ մասին, սուր քննադատում, բայց չէր հայհոյում։

Գագիկ Գինոսյանն իր կենսագրությամբ էր վաստակել անաչառ ու չվարկաբեկված մնալու և չսևացվելու իմունիտետը։

Ես Գագիկին չեմ կոչի ոչ հայ պարի Կոմիտաս, ոչ էլ՝ Հայրիկ Մուրադյան։ Չեմ կոչի ոչ այն պատճառով, որ թերագնահատում եմ վաստակը, այլ որ դեմ եմ այս կարգի բոլոր համեմատություններին։

Որպես ուղեցույց ունենալով Սրբուհի Լիսիցյանի ու Ժենյա Խաչատրյանի ուսումնասիրությունները, ինչպես նաև հայկական ազգային պարի վերաբերյալ Կոմիտաս վարդապետի գնահատականները, նա հենց Կոմիտասի ու Հայրիկ Մուրադյանի պես սկսեց զբաղվել բանահավաքչությամբ։

Սկզբում գրի առավ իր նախնիների բնաշխարհի՝ Կարինի ու Բարձր Հայքի պարերը, հետո ընդլայնելով աշխարհագրությունը՝ անցավ հայոց մյուս ազգագավառներին։ Պեղեց-գտավ այդ պարերը։ Իր ուսուցիչների օգնությամբ նա հայկական պարի յուրաքանչյուր քայլի, շարժման բովանդակային նշանակությունը հանրայնացրեց, ներկայացրեց որպես կենցաղային, դիցաբանական, տիեզերքի ու մարդու հարաբերության, ուրախության ու տխրության արտահայտություն։

Այնուհանդերձ դրա մեջ չէր Գինոսյանի մեծագույն վաստակը։ Նա կարողացավ ոչ միայն վերածնել ու վերծանել ազգային պարը, այլ այն ժողովրդին փոխանցել։ Նա սկզբում միայնակ, հետո նաև՝ իր աշակերտների, հետևորդների հետ հայկական պարը բեմից իջեցրեց փողոց ու դպրոց, մարդկանց կենցաղի ու կյանքի մաս դարձրեց։

Բեմադրական պարերի կողմնակիցները երբեմն դժգոհում էին, թե Գինոսյանը դեմ է հայկական պարախմբերի բեմադրված պարերին։ Իրականում նա դեմ չէր այդ կիսով չափ հորինված պարերի գոյության իրավունքին, պարզապես ուզում էր դրանց հիմքում տեսնել հայկական և ոչ օտար ազգերի պարային բաղադրիչները։ Թեև ասում էր, որ տրիկո և տարազ հագնող, գոտի կապող տղամարդկանց հոգեբանությունը տարբեր է լինում։ Դեմ չէր, որ պարը կարող է նոր շարժումներով, նոր իմաստներով հագենալ ու զարգանալ, բայց ինքն ուզում էր ժողովրդին վերադարձնել նրա կորցրածը։

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Գագիկ Գինոսյանը ներկայացնում էր իր «Սասունցի Դավիթ» պարային բեմադրությունը։ Աստիճանաբար հանդիսատեսն սկսեց միանալ ու պարել։ Րոպեներ անց դահլիճի մեծ մասն արդեն ուս-ուսի էր տվել ու թնդացնում էր համերգասրահը։ Համերգին ներկա հանրապետության նախագահը ապշած էր, իսկ նրա թիկնապահների ականջները պայթում էին ձայնորսիչների աղմուկից։

Երբ չէի կարողանում խուսափել որևէ հարսանիքի մասնակցելուց, մի մխիթարություն ունեի․ առաջվա պես կին ու տղամարդ մի ողջ երեկո հայկական ռաբիսի ու ռուսական «պոպսայի» ներքո անիմաստ շարժումներով, մարմնի սեփական մասերի անկանոն թափահարումներով չեն ցնցի իրենց և ուիշների ուղեղը։ Մեկ էլ հանկարծ խմբվում են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, ոչ բոլորն են իրար ճանաչում, բայց այնքան սահուն ու ներդաշնակ պարում են Իշխանապարն ու Էջմիածինը, Յարխուշտան ու Կարնո Քոչարին, շարքեշարք Գովնդ են բռնում այնպես, ասես ամիսներով փորձել են միասին։ Ահա այս հանպատրաստից միասնության ու ներդաշնակության ուսուցիչն է Գագիկ Գինոսյանը։ Միանգամից հասկանում ես, որ նրա սաներն են Կասկադում, Ծաղկաձորում կամ մեկ այլ տեղ Գագիկ Գինոսյանի պարի դասերի մասնակիցները։

Գագիկը փորձում էր նրանց բացի պարի շարժումներից, բացի դրանց իմաստներից, էլի մի բան՝ ավելի կարևոր մի բան փոխանցել․ ազգային մտածողություն կոչենք դա, ազգային նկարագիր, թե ազգային ոգի՝ դժվարանում եմ ասել, բայց հիմնականում հաջողում էր։

Երանի այն արվեստագետին, որ իրենից հետո այդքան մեծ ժառանգություն կթողնի։ Առնվազն չորս մարդու անձամբ եմ ճանաչում, որ հայկական Սփյուռքում շարունակում են իրենց ուսուցչի գործը՝ հայկական ազգային պարեր են սովորեցնում տեղի հայերին և փորձում դրանով հային հայ պահել դրսում։

Տասնյակների, եթե ոչ հարյուրների է հասնում նրա այն սաների թիվը, որոնք այստեղ՝ հայրենիքում են շարունակում իրենց ուսուցչի գործը։ Դե իսկ ազգային պարերը յուրացրած ու պարող մարդկանց թիվը տասնյակ հազարների է հասնում։

Միշտ և այսօր հանրաճանաչությունը արվեստում կարող է խաբուսիկ լինել։ Սովորաբար զանգվածները ավելի էժանի ու դյուրինի, առավել պսպղունի հետևից են գնում։ Գագիկ Գինոսյանի հանրաճանաչությունը բացառություններից մեկն է։ Անգամ հակառակը կարող ենք պնդել։ Տասնհինգից քառասուն տարեկանների մի սերունդ՝ ուսուցիչներ ու բժիշկներ, իրավաբաններ ու տնտեսագետներ, նորագույն տեխնոլոգիաների մասնագետներ ու ֆինասնիստներ, բայց նաև բարձարգույն կրթություն չստացած մարդիկ՝ քաղաքաբնակներ ու գյուղացիներ, Գագիկ Գինոսյանի շնորհիվ յուրացրեցին ազգային պարը և այդ պարի շարժումներից փոքր-ինչ ավելին, որը սիրելի պարուսույցն ուզում էր իրենց փոխանցել։

Գագիկ Գինոսյանի նկատմամբ համաժողովրդական սերը նրա կենսագրության, վարքագծի, կեցվածքի, սկզբունքայնության, բայց առաջին հերթին՝ ուսուցչի գնահատման արդյունք էր։ Վաղուց սոցցանցերն այդքան միասնական չէին եղել։ Ամենուր Գագիկի մասին հուշ էր, նրա հետ լուսանկար, ցավ, ափսոսանք ու խոնարհում։ Ահա նրանցից մեկը, որն ինձ նույնպես հուզել է և ցուցիչ է Գինոսյանի նկատմամբ համընդահնուր սիրո։ Ֆեյսբուքի ընկերներիցս Մեսրոպ Եսայանը այս գրառումն էր արել․ «Քիչ առաջ մտել եմ մի տնտեսական խանութ, դարակների հետևում աշխատողների նկատեցի, բարևեցի ու հարց եմ տալիս՝ ակնկալելով, որ դարակի հետևից մեկնումեկը կառաջանա, բայց արձագանք չկա․ ավելի մոտեցա, տեսա՝ երեք աղջիկներ էին, երեքն էլ՝ թաց ու կարմրած աչքերով, հեռախոսով Գագիկ Գինոսյանի հուղարկավորությանը կատարված ազգային պարն էին նայում։

Սա համաժողովրդական սիրո շատ հստակ դրսևորում էր»։

Այդպես է, և ավելացնելու ոչինչ չկա։

Մեկնաբանել