Պաշտոնանկություն և նոր նշանակումներ՝ զինված ուժերում

Պաշտոնանկություն և նոր նշանակումներ են արվել զինված ուժերում, համապատասխան հրամանագրերը հրապարակված են նախագահի կայքում։

Մասնավորապես, Կամո Քոչունցն ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան կփոխարինի Արթուր Երոյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը։ Ռազմական ակադեմիայի պետ է նշանակվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արսեն Մանգասարյանը։

Արտակ Բուդաղյանն էլ նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:

Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Թեմուր Շահնազարյանը նշանակվել է գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: Իսկ կապի զորքերի պետ է նշանակվել Վիգեն Մկրտչյանը։

Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ Արմեն Սեյրանյանը՝ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:

Մեկնաբանել