Մոսկվան անարդյունավետ է համարում արևմտյան ուժերին Հարավային Կովկաս բերելու Երևանի հակվածությունը

Mid mfa russia

Մոսկվան անարդյունավետ է համարում արևմտյան ուժերին Հարավային Կովկասի տարածաշրջան բերելու Երևանի հակվածությունը։ Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրները, ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։

«Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։ Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- ասել է Գալուզինը:

ՌԴ փոխարտգործնախարարը կարծում է, որ ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություններին, քննարկումներին լիարժեք վերադառնալը բխում է Հայաստանի շահերից․ «Օբյեկտիվորեն Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք, մեր կարծիքով, չի նկատվում։ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար»։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել