Օհանավանում ժայռափոր միջնադարյան դամբարան է հայտնաբերվել

Օհանավանում օրերս ժայռափոր միջնադարյան դամբարան է հայտնաբերվել։ Առաջիկայում հնագիտական աշխատանքներ կանցկացվեն, հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ից։

«Օհանավանում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը իր սեփականություն հանդիսացող տարածքում հայտնաբերել է, նախնական գնահատումներով, վաղ քրիստոնեական ժայռափոր դամբարան»,- պատմում է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Վանյանի խոսքով՝ դամբարանը մշակութային անգնահատելի արժեք ունի, այն ամբողջությամբ թաղված է եղել, հավանաբար՝ դարերի ընթացքում քարաթափումների հետևանքով է ծածկվել։

«Կստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Սեփականատիրոջ հետ արդեն պայմանավորվել ենք․ առաջին փուլով կկնքվի համապատասխան պահպանական պարտավորագիրը, որտեղ կֆիքսվեն նրա պարտավորությունները և մենք էլ վստահ կլինենք, որ որևէ վնաս չի լինի, տարածքի տերը հանձն է առնում տարածքի ամբողջական պահպանությունը»,- ասում է Հարություն Վանյանը։

Լիա Ավագյան

Մեկնաբանել