Առաջիկայում տեղի կունենան արտգործնախարարների և սահմանազատման հարցով հանդիպումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ փետրվարի 17-ին կայացած հանդիպմանը պայմանանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնելու շուրջ։

«Արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը»,- փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետը։

Փաշինյանը խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ըստ նրա՝ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն, դա կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։

«Մենք մեր կողմից հաստատակամ ենք այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

***

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Ըստ ՀՀ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Մեկնաբանել