Բայրամովը կարծիքով՝ Հայաստանի Սահամանադրությունում կան անընդունելի կետեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Կլաարի հետ հանդիպմանը Հայաստանի Սահամանադրությունում, իրավական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ հավակնություններ է տեսել և դրանք անընդունելի համարել։

Բայրամովը նաև հաստատել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի հերթական մեկբանությունները։ Նա վստահեցրել է, թե Ադրբեջանը հետաքրքրված է բանակցային գործընթացի շարունակականության հարցում։

Փետրվարի 21-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբվերյալ ստացել է հերթական առաջարկները՝ նշելով, որ «որոշ հոդվածներով հայկական կողմը որոշակի հետընթաց է տեսնում»։

***

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ Ադրբեջանը խնդիրներ տեսել է Հայաստանի սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։

Հայաստանի ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։

Մեկնաբանել