Տեղի հատվածում վնասազերծված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է

Փետրվարի 28-ին Տեղ գյուղի հատվածում վնասազերծված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024-ի փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ։ Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Տեղ համայնքի հատվածում ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը և վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից․ «Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահեստատուփով»։

***

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Մեկնաբանել