Կաբարդինո-Բալկարիայի բնակիչը ցանկանում է Ստալինին քրեական պատասխանատվության ենթարկել

Նալչիկում Խորհրդային Միության կողմից բալկարցիների բռնագաղթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Լուսանկարը՝ TASS-ի։

Լուիզա Մչեդիշվիլի, OC Media

Կաբարդինո-Բալկարիայի բնակիչը հայց է ներկայացրել Ռուսաստանի իշխանություններին` որպես հանցագործություն հետաքննելու 1940-ականներին Իոսիֆ Ստալինի կողմից հյուսիսկովկասցիների արտաքսումը:

Կաբարդինո-Բալկարիայի բնակիչ, ազգությամբ բալկարցի Օլեգ Կելեմետովը Ռուսաստանի Քննչական կոմիտեին խնդրել է հետաքննել ԽՍՀՄ պաշտպանության կոմիտեի կողմից բնակչության տեղահանումները՝ որպես հանցագործություն և երկրի սահմանադրության խախտում:

«Կոմերսանտը» հայտնում է, որ Կելեմետովը նպատակ ունի տեղահանությունների համար քրեական պատասխանատվության ենթարկել խորհրդային կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաների՝ նրանց մեղադրելով իշխանության չարաշահման մեջ: Մեղադրյալների թվում են Ստալինը, Վյաչեսլավ Մոլոտովը, Կլիմենտ Վորոշիլովը, Գեորգի Մալենկովը, Լավրենտի Բերիան, Նիկոլայ Վոզնեսենսկին և Լազար Կագանովիչը։

Խորհրդային Միությունը 1940-ականներին կարաչայների, բալկարցիների, չեչենների, ինգուշների և կալմիկների ամբողջ բնակչությանը, ինչպես նաև մի քանի այլ էթնիկ խմբերի բռնի տեղահանել է Կենտրոնական Ասիա։

Կելեմետովը պնդում է, որ բռնի տեղահանումները հակասում են Խորհրդային Միության սահմանադրությանը, որը երաշխավորում էր քաղաքացիների իրավունքները՝ անկախ նրանց ազգությունից և ռասայական պատկանելությունից:

Կելեմետովի հայրը եղել է 1944-ին Ղազախստան արտաքսվածների թվում: Այնուամենայնիվ, Кавказский Узел-ը մեջբերում է, որ Կելեմետովն իր հայցը ներկայացնում է «ոչ թե որպես բռնադատվածի որդի, այլ որպես քաղաքացի, որը ցանկանում է պատժել օրենքը խախտելու մեղավորներին»:

«Տեղահանումը ռեպրեսիվ, անխտիր բնույթ էր կրում՝ ֆիզիկական բռնության կիրառմամբ, կյանքին և առողջությանը սպառնացող վտանգով, տեղահանվածների շրջանում մահվան զանգվածային դրվագներով։ Պետական պաշտոնյաների բռնի գործողությունները եղել են համատարած և համակարգային, ինչը վկայում է ցեղասպանության նշանների մասին»,- ասված է Կելեմետովի՝ Քննչական կոմիտեին ուղղված դիմումում։

Կելեմետովը հայտարարել է, որ եթե Քննչական կոմիտեն հրաժարվի ընթացք տալ իր դիմումին, ապա նա կբողոքարկի այդ որոշումը դատարանում և գլխավոր դատախազությունում։

Մեկնաբանել