«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվեց կառավարությանը

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 29-ի նիստին։

Անցյալ ամիս «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետեր դարձավ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ» ընկերությունը, որի սեփականատերեր են հանդիսանում Կոնստանտին Սոկոլովն ու Չժե Ժանգը։ «ՄՏՍ Հայաստան»-ի պետական բաժնեմասը կկառավարի վարչապետի աշխատակազմը։

Նիկոլ Փաշինյանը որոշման քննարկման ընթացքում ասաց՝ ՀՀ ժողովուրդը ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությոնում ներկայություն կունենա. «Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Մեր ընկերություններին պիտի խրախուսենք, որ քաղաքացիների մասնակցությունը խրախուսվի ընկերությունների կառավարման գործում։ Մենք պիտի մեր քաղաքականությունը վարենք, որ բաց բաժանորդագրման մեխանիզմ ներդրվի բորսայական համակարգի միջոցով»,- ասաց Փաշինյանը։

Նա հարց բարձրացրեց՝ «ի՞նչ է նշանակում բոլորիս հեռախոսի համարները վերցնեն, գնան դռները փակեն, ասեն հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք»։ Հեռահաղորդակցության ոլորտի խաղացողներին նա ուղերձ հղեց լինել ավելի թափանցիկ։

Մեկնաբանել