Խաղաղությունն առնչվում է Բաքվին և Երևանին, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի հետ․ Հաջիև

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մարտի 1-ին տեղի է ունեցել պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Իր խոսքում Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է և անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համար։

«Այդ դեպքում խաղաղությունը լիովին հասանելի է։ Սակայն այդ նույն պատրաստակամությունը չենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- ասել է նա։

Պատասխանելով Հիքմեթ Հաջիևի դիտարկումներին, թե Ադրբեջանին առնչվող կետեր կան Հայաստանի Սահմանադրության նախաբանում, Ռուբինյանը շեշտել է՝ Հայաստանը չունի տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ և դրա մասին շատ է խոսվել։

Նախ, նրա խոսքով, խաղաղության համաձայնագրի նախագծում կա երկու կետ, որոնք համաձայնեցված են ամենաբարձր մակարդակով․ սևը սպիտակի վրա գրված է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային հավակնություններ միմյանց նկատմամբ։ Երկրորդը՝ չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը այդ համաձայնագիրը չկատարելու համար։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Հայաստանի ռազմականացման մասին դիտարկմանը՝ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը միայն պաշտպանական զենքեր է ձեռք բերում, ի տարբերություն Ադրբեջանի։

Իր հերթին Հիքմեթ Հաջիևը կրկնել է պաշտոնական Բաքվի թեզը, թե «որոշ ուժեր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնել ոչ թե սահման, այլ առճակատման գիծ»։

«Խաղաղությունը առնչվում է Բաքվին և Երևանին, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի և այլ քաղաքների հետ,- ասել է Հաջիևը։ – Հայաստան-Արդբեջան սահմանը պետք է իրական սահման լինի, այլ ոչ թե առճակատման գիծ։ Այդ համատեքստում կա որոշակի բաց հարց, որը վերաբերում է Հայաստանում Եվրոպական առաքելությանը»։

Մեկնաբանել