Արցախցիները բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը

Արցախյան 32 կազմակերպություններ մարտի 6-ին բաց նամակ են հղել Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Կազմակերպություններն առաջարկում են ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով և յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հատկացնել բազային 5 միլիոն դրամ` անվերադարձելիության սկզբունքով:

«Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ։ Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը։ Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին»,- ասված է նամակում։

Արցախցիները նաև առաջարկում են հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից։

«Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում։ Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով։ Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար։ Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար»,- նշված է հայտարարությունում։

Արցախյան կազմակերպությունները համոզված են, որ առաջարկվող ծրագիրը կբացառի արտագաղթը։

***

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել է արցախցիների բնակարանով ապահովելու նախնական ծրագիրը։ Նրա խոսքով՝ նախ և առաջ Արցախից բռնի տեղահանվածները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, այնուհետև պատրաստ լինեն տասը տարի ապրել բնակարանում կամ տանը, որի կառուցումը պետությունը կֆինանսավորի։

«Մենք ասում ենք, որ եթե անձինք որոշեն դառնալ ՀՀ քաղաքացի, դրանից հետո մենք նրանց կաջակցենք, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշակի ֆիքսված դրամական մեծությամբ ֆինանսական միջոց հասանելի լինի՝ տուն, բնակարան գնելու կամ կառուցելու նպատակով։ Տասը տարի այդ բնակարանում ապրելուց հետո, սեփականության իրավունքը կանցնի այդ ընտանիքին»,- մանրամասնել է փոխվարչապետը՝ հավելելով, որ տասը տարվանից հետո միայն նրանք կկարողանան այն վաճառել, եթե դրա կարիքն ունենան։

Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բազային աջակցության չափը դիտարկվում է 3 մլն դրամի սահմաններում։ Տրամադրվող գումարի չափը ընտանիքի անչափահաս անդամների դեպքում կլինի անվերդարձ, իսկ չափահասների պարագայում՝ վերադարձելի․ «Բայց վերադարձը չի սկսվի հենց առաջին օրվանից, որովհետև այդ մարդիկ գործընթացը սկսելու, աշխատանքի հարց լուծելու և այլ հարցեր լուծելու ժամանակի կարիք ունեն։ Այդ մանրամասները մենք հետո կհստակեցնենք»,- ասել է Խաչատրյանը։

Մեկնաբանել