«Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ խանութ, ռեստորան չկա»․ Փաշինյանն ակնարկում է՝ մարդիկ տարածքներն իրենցը չէին համարում

«Ինչո՞ւ Կիրանց գյուղից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհին չկա ոչ մի հյուրատուն, ռեստորան, սրճարան ու խանութ»,- մարտի 20-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին զիջելու հարցին։

«Վերջին այցի ժամանակ նկատել եմ մի բան, որ նախկին հարյուրավոր այցերի ժամանակ չէի նկատել։ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, դա միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի սրճարան, ռեստորան, խանութ, հյուրատուն չկա։ Ոչ մի բան չկա, դա միջպետական ճանապարհ է։ Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, որովհետև սոցիալական ցանցերը, ընդդիմադիրների մեկնաբանությունները կարդալով տպավորություն ունեմ, որ փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ ինչքան լավ էր ու այս իշխանությունը եկել է, ամեն ինչ վատ է։ Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, ոչ մի հյուրատուն չկա, դա մի բացատրությույն ունի՝ այն պրոբլեմը, որ քննարկում ենք, դա մարդիկ գիտեն։ Միշտ իմացել են ու գիտեն»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով օրերս տավուշցիների հետ հանդիպմանը՝ նա ասաց, որ բնակիչների հետ բանավեճն այն հարցի շուրջ էր, թե հաջորդ քայլերը ի՞նչ տրամաբանոթյամբ պետք է իրագործվեն․ «Ի՞նչ զիջման մասին է խոսքը։ Մեր դիքրորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է սահմանագծվի ու սահմանազատվի»,- ասաց վարչապետը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ո՞ր քարտեզներով են կատարվելու սահմանագծումն ու սահմանազատումը, Փաշինյանն արձագանքեց՝ «քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա»։ Վարչապետի խոսքով՝ կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- Փաշինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Ի պատասխան Փաշինյանը ցուցադրեց ՀՀ քարտեզի հայտնի պատկերը, ասաց՝ այս երկրի վարչապետն է։

«Ի՞նչ ենք մենք ստանում։ Մենք ստանում ենք պետական սահման։ Առաջին՝ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, երկրորդ՝ մենք ունենում ենք պետական սահման։ Դրանք տարբեր տրամաբանություններ են ու այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Մեր անվտանգությունը պետք է հիմնվի լեգիտիմության հիմքերի վրա ու դրա վրա պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն ու պաշտպանելը մեր օրակարգում է»,- հայտարարեց Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հակադարձեց՝ դրանք Հայաստանի պատմական հողերն են, այնտեղ վեր է խոյանում 8-րդ դարի եկեղեցի, բերդեր, ամրոցներ. «Այդ ամենը հարցականի տակ դնե՞լ ԱԺ ամբիոնից, ի՞նչ եք անում։ Առաջնագիծը կազմաքանդվելու դեպքում թշնամին հայտնվելու է տների մոտ։ Լոռու մարզը սարքում եք սահմանամերձ, գազամուղը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ»- ասաց Դանիելյանը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց՝ ինքը ոչ թե պատմական Հայաստանի, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետն է. «Ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրանոց կառուցեք Ոսկեպարում»,- առաջարկեց նա «Հայաստան» դաշինքին։

Փաշինյանի խոսքով՝ այդ տարածքով անցնող Վրաստանի հետ միջպետական ճանապարհը 4 անգամ փոփոխվել է․ «Ինչո՞ւ է փոխվել, այդ ժամանակ էլ մենք չէինք իշխանություն»։

***

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։

«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանել