Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական սահմանազատման գործընթացը

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Այդ մասին մարտի 25-ին Երևանում վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ հունվարի 26-ին Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկելու այս համատեղ հռճակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր և անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրին․ «Այն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա։ ՀՀ-ն սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»։

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը։

Մեկնաբանել