«Ահաբեկչական գործողություն»՝ ոստիկանության բաժնում. մոլորեցնող պնդումներ «Մարտական եղբայրության» հետ կապի մասին

check

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Մարտի 24-ին նռնակներով զինված երեք քաղաքացի ներխուժել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի շենք։ Անձանցից երկուսը նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել ու տեղափոխվել են բուժհաստատություն։ Երրորդ անձը, որի մոտ հայտնաբերվել էր չորս նռնակ, բանակցությունների արդյունքում վնասազերծվել էր։

Լրատվամիջոցներում դեպքի մեկնարկից հետո տարածվել էր տեղեկություն, թե զինված անձինք «Մարտական եղբայրություն» միաբանությունից են, որոնց անդամներին ավելի վաղ բերման էին ենթարկել։ Ավելի ուշ «Մարտական եղբայրությունից» հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ։ «Մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն, գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»,- գրել էին նրանք։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածված տեղեկությունները ըստ ժամանակագրության։

Ո՞վ էր առաջինը

Ոստիկանության շենքի բակում պայթյունի և դրա՝ «Մարտական եղբայրության հետ» կապի մասին առաջինը (17:32) հաղորդել է Armlur.am-ը (Ժողովուրդ օրաթերթ)՝ նշելով, որ «քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել»։

«Լուրեր կան, որ «Մարտական Եղբայրության» 49 անդամների ձերբակալության հետ է առնչվում դեպքը»,- գրել է Armlur-ը։

Մեկ րոպե անց (17:33) դեպքի մասին գրել է Shamshyan.com կայքը՝ հայտնելով, որ երկու զինված անձ սպառնում են պայթեցնել նռնակները, եթե ոստիկանությունը բաց չթողնի իրենց համակիրներին։

«ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության անդամներ», ովքեր պահանջում են, որ ոստիկաններն ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն»,- նշված է հոդվածում։

Րոպեներ անց՝ 17:38-ին, տեղեկությունը վերահրապարակել է «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում անելով Armlur.am-ին։

17:58-ին արդեն «Սպուտնիկ Արմենիան» գրել է, թե գտնվում է դեպքի վայրում և ականատեսները պատմում են, որ շենքի մոտ կան «Մարտական ​​եղբայրություն» կազմակերպության մի քանի անդամներ, որոնք պահանջում են ազատ արձակել իրենց համակիրներին։

«Մարտական եղբայրությունը» անմիջապես հերքել է մեղադրանքը՝ վստահեցնելով, որ կազմակերպության անդամները որևէ առնչություն չունեն դեպքի հետ, իսկ ավելի վաղ բերման ենթարկված կազմակերպության բոլոր անդամներն արդեն ազատ են արձակվել։

Ներքին գործերի նախարարությունն այնուհետև հաստատել է մեղադրյալների ինքնությունը․ բանակցությունների արդյունքում վնասազերծված անձը 34-ամյա Ստեփան Հովակիմյանն էր, իսկ պայթյունի արդյունքում բեկորային վնասվածքներ ստացած մասնակիցներն են 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն։

Հովակիմյանը, որը վնասազերծվել ու ձերբակալվել է, ոստիկանության բաժանմունք մեկնելուց առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր էր մտել (16:11-ին)՝ ահազանգելով, որ ոստիկանները ձերբակալել են «կռված տղերքին»։ Այդ օրը «Ազգային-ժողովրդավարական Բևեռը» հայտնել էր, որ Ոսկեպարում ու Բաղանիսում բերման են ենթարկվել Բևեռի վեց աջակիցներ։

Ավելի վաղ Հովակիմյանը գրառումներով և տեսանյութերով հորդորել էր մարդկանց միանալ «Սասնա ծռերին» ու «Ազգային-ժողովրդավարական բևեռին»՝ նշելով, որ ինքն էլ «Սասնա ծուռ է»։

Մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ևս հաստատել է, որ մեղադրյալները «Ազգային-ժողովրդական բևեռի» անդամներ են։


Այսպիսով, թեև համացանցում տարածվել էր տեղեկություն, թե «Սպուտնիկ Արմենիան» առաջինն է գրել ոստիկանության բաժանմունք մտած զինված անձանց՝ «Մարտական եղբայրության» հետ կապի մասին, սակայն փաստացի առաջինը դրա մասին գրել է Armlur.am-ը։

Մեկնաբանել